«Էդեն»․ Արման Թադևոսյանի, Գագո Չթչյանի ու Հերմինե Դեմիրոյի՝ «դրախտի որոնումների» հանգրվանը

2024 թ․-ին Լիոնի պատմական կենտրոններից մեկում անցկացվող մի մեծ ցուցահանդեսին, որին Հայաստանից ու Սփյուռքից 20-ից ավելի հայ արվեստագետներ էին ներկա, հանդիպում են 3 նկարիչներ՝ Արման Թադևոսյանը, Գագո Չթչյանն ու Հերմինե Դեմիրոն ու շատ արագ մտերմանում՝ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ստեղծագործական ոճի, մտածողության, ազատության ընկալման, գունային լուծումների, ինչպես նաև բնավորության գծերի մեջ։

2 տարի անց այդ հանդիպման արդյունքում կյանքի է կոչվում «Էդեն» խորագիրը կրող համատեղ մի նախագիծ, որի շրջանակներում առաջին ցուցահանդեսը բացվեց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։

Այս արգասաբեր համագործակցության ու ցուցահանդեսի մասին Aravot.am-ը զրուցել է ներկայումս Ֆրանսիայում բնակվող գյումրեցի նկարիչ Արման Թադևոսյանի հետ։

-Մինչ Հայաստանում ներկայանալը, ի՞նչ համատեղ աշխատանքներ եք իրականացրել։

-Լիոնի ցուցահանդեսից մեկ տարի անց ես Գագո Չթչյանին ու Հերմինե Դեմիրոյին հրավիրեցի Նանսի, որտեղ ևս մեծ ցուցահանդես բացեցինք։ Մոտ 15 օր հյուրընկալեցի նրանց մեր տանը, և այդ ընթացքում ավելի մտերմացանք։ Այնուհետև մեկ այլ ընդգրկուն ցուցահանդես կազմակերպեցինք Բելգիայում, ինչպես նաև այլ միջոցառումներ, որոնց թվում էր Կոմիտասին նվիրված միջոցառումը, որն իրականացվեց Փարիզի առաջին քաղաքապետարանի շենքում՝ Փարիզի քրդական մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ինչպես հայտնի է, քրդերը մեծ ակնածանք ունեն Կոմիտասի նկատմամբ, քանի որ Կոմիտասը ոչ միայն հայկական, այլ նաև քրդական էթնիկ երաժշտության պահպանման գործում առանցքային դեր ունի։

Կոմիտասին նվիրված այդ միջոցառումների շրջանակներում մենք հրավիրեցինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանին, որի մասնակցությամբ հետաքրքիր կոնֆերանս կազմակերպվեց «Կոմիտասը և քրդական երաժշտությունը թեմայով», և այդ մասին բազմաթիվ բացահայտումներ լսեցինք։ Սա հրաշալի առիթ էր մեր երաժշտության նահապետի մասին խոսելու ու նրան ևս մեկ անգամ արժևորելու։

Եվ այսօր արդեն Հայաստանում ներկայացվող  «Էդեն» նախագիծն իր հիմնական թեմաներից զատ, նախ և առաջ հարգանքի տուրք է Կոմիտասին, և ուրախ եմ հայ հանդիսատեսին տեղեկացնել, որ սեպտեմբերի 26-ին Կոմիտասի թանգարանում կարող են ներկա գտնվել մեր ցուցահանդեսի բացմանը, որտեղ ավելի շատ ֆիգուրատիվ գործեր կներկայացվեն՝ ներշնչված Կոմիտասի ապրումներից։ Մենք փորձելու ենք այլընտրանքային մոտեցում ցուցաբերել՝ Կոմիտասի կերպարը ներկայացնելով ոչ թե տառապանքի մեջ, այլ իր մարդկային էությամբ՝ որպես սիրող մարդու, սիրահարված մարդու, որը հումորի հրաշալի զգացում ուներ, սիրում էր կենդանիներին ու բնությունը։

– Փաստորեն, այն, ինչ օրերս ներկայացվեց Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, միայն սկիզբն է․․․ Իսկ ինչո՞ւ ընտրեցիք «Էդեն» խորագիրը։

-Որպես նախագծի խորագիր որոշեցինք ընտրել «Էդենը», որը դրախտային իմաստի կոնոտացիայից զատ նաև Գյումրվա բարբառից սերող բառախաղ է ենթադրում՝ «էդեն»՝ «էդ», «էն», «ընդեղ», այսինքն՝ այս, այն, այնտեղ, կամ էլ՝ անդին՝ ինչ-որ բանից այն կողմ․․․  Սա խոսում է նաև մեր աշխարհագրական սփռվածության մասին․ Հերմինեն, օրինակ, ապրում է  Մեքսիկայում, ես՝ Ֆրանսիայում, Գագոն էլ երկար տարիներ ապրել է Չեխիայում՝ Պրագայում, հետո հետ է եկել Հայաստան։ Եվ ինչ-որ առումով մեր այս ցուցահանդեսը մեզ հայրենիքում միավորող մի հետաքրքիր կամուրջ է՝ ստեղծագործական մեր որոնումների հանգրվանը։ Որովհետև որքան էլ Սփյուռքում՝ հայրենիքից դուրս քո առջև նոր դռներ, նոր ճանապարհներ են բացվում, մարդը, տեղափոխվելով, կարծես իր հողից արմատախիլ է լինում և այլևս չի ստանում այն էներգիան, որն իրեն անհրաժեշտ է լիարժեքորեն ապրելու, արարելու, ստեղծագործելու համար։ Ուստի հատկապես արտիստի, նկարչի համար շատ կարևոր է պարբերաբար իր հողին, իր արմատին վերադառնալը։ Եվ այս նախաձեռնությունը, որը դեռևս առաջինն է,  նաև այն կամուրջն է, որը մեզ կապում է մեր արմատներին, ու, ըստ էության, բարդ քննություն է մեզ համար, որովհետև հայ հանդիսատեսը շատ խորագետ է, սակայն այն  խոսույթները, անդրադարձները, որոնք մեզ հասել են ցուցահանդեսի բացումից հետո, հուշում են, որ մենք այդ քննությունը բավականին լավ ենք հանձնել։

– Արվեստի գործերը, սովորաբար, այլևս միայն արտիստինը «չեն լինում» հանդիսատեսի դատին հանձնվելուց հետո՝ ինչ-որ չափով դառնալով իրենց հետ առնչվող մարդկանցից յուրաքանչյուրինը։ Ու շատ հետաքրքիր է հենց հեղինակից լսել, թե ինչպե՞ս են ստեղծվում այդ գործերը և ի՞նչ ասելիք է հենց նա ամփոփում դրանց մեջ։ Օրինակ՝ ինձ պարզապես գերել էին թռչունների պատկերներով ձեր գործերը, որոնց նայելիս անդադար Հովհաննես Թումանյանի «Հազարան բլբուլ» անավարտ ստեղծագործության մասին էի մտածում։

-Այդ կտավները, հիմնականում մեծ կոմպոզիցիաները գեղանկարչական բազմաշերտ կոմպոզիցիաներ են, որոնք բավականին երկարատև գործընթացի արդյունքում են ստացվել։ Պատկերացրեք՝ մոտ 10 շերտ, որոնցից վերջինը հենց թռչունների շերտն է՝ որի հիմքում, ըստ էության, գունային վիբրացիան ու թրթիռներն են։

Մինչև վերջին պահը տատանվում էի՝ թռչունները հայտնվե՞ն, թե ոչ, հետո որոշեցի, որ հայտնվեն, որպեսզի պատմեն իրենց թռիչքի, պրպտումների, այսինքն՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ լինելու՝ անդին թևելու ցանկության մասին։

Ես այնպիսի տպավորություն ունեի, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվող  կտավները Գագո Չթչյանը, Հերմինե Դեմիրոն և դուք միասին եք նկարել՝ նույն ժամանակամիջոցում ու նույն միջավայրում՝ այնքան հարմոնիկ էին բոլորն իրար հետ․․․

-1 տարի շարունակ գրեթե ամեն չորեքշաբթի մենք առցանց շփվել ենք  միմյանց հետ այս ցուցահանդեսին պատրաստվելիս, բայց մինչև վերջին պահը չենք իմացել, թե ով ինչ գործ  է բերելու, ու զարմանալին այն է, թե որքան սինխրոն են այդ աշխատանքները ու հարմոնիկ միմյանց հետ։

Թեև իրականում մեր նկարչությունը շատ տարբեր է․ Գագոյինը՝ մեծածավալ, մասշտաբային, ֆոսֆորեսցենտ երանգներով, Հերմինեինը՝ ակտիվ, էներգետիկ գույներով, ինչը խոսում է իր վառ անհատականության մասին, իմ գործերն ավելի մեդիտատիվ բնույթի են, ինչին երևի նպաստել է այն հոգևոր պրակտիկան, որն, ըստ երևույթին, ես ապրել եմ վերջին տարիներին։

-Այդպիսով, լինելով շատ տարբեր՝ մեկդ մյուսին լրացնում ենք՝ մեկ հարկի տակ յուրօրինակ ներդաշնակություն ստեղծելով։ Իսկ որո՞նք են այն հիմնական հարցերը կամ ուղերձները, որոնք փոխանցում եք այս նախագծի միջոցով։

-Այս ցուցահանդեսը մի շարք հարցեր է բարձրացնում, որոնցից մեկն էլ այն հարցը և գուցե առաջարկն է, որ մենք սոցիալական, քաղաքական սուր խնդիրներից զատ մեր ուշադրությունը, հայացքը սևեռենք մեր սրտին, զգայական, հոգևոր ոլորտին, քանի որ «Էդենը» մենք ներկայացնում ենք ոչ թե սոսկ որպես վայր կամ ժամանակամիջոց, այլ շարժում երազանքի և հայտնության, տեսանելիի և անդինի միջև։ Սա ինքնության, հույսի ու լույսի մի յուրօրինակ հանգույց է։

Իսկ քաղաքական և սոցիալական հարցերն այս նախագծի շրջանակներում արծարծվում են այն իմաստով, որ եթե մեր ցուցահանդեսից հետո մարդիկ լինեն ավելի բայրացակամ, ավելի սիրալիր, ավելի զիջող ու հանդուրժող մեկը մյուսի նկատմամբ, ուրեմն, մենք կհամարենք, որ մեր առաքելությունը կատարել ենք։

Եվ ամենակարևորը՝ ցուցահանդեսը նաև ուշադրություն է հրավիրում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող մարտահրավերներին, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներին։

Ներկայացվող կտավներում, որտեղ հիմնականում բնության տարրեր՝ թռչուններ, ծառեր, ծաղիկներ հիշեցնող էլեմենտներ են, ուշադիր հանդիսատեսը կգտնի ընդամենը երկու մարդու, որոնք առաջին մարդիկ են՝ գուցե Ադամն ու Եվան, և ցուցահանդեսի խորհուրդներից մեկն էլ այն է, որ հենց մարդն էլ պատասխանատու բնության համար, և մարդկային գործոնն առնվազն չպետք է խանգարի բնության վերականգնմանը, եթե ոչ՝ օգնի։

-Մի նախագիծ, որը նվիրված է Կոմիտասին, պարզապես չէր կարող զերծ մնալ երաժշտությունից․․․

-Այո, կտավների հուզական, հոգևոր հագեցվածությանը թերևս միայն երաժշտությունն էր պակասում, սակայն այդ բացը լրացվեց մեր սիրելի ընկեր, անվանի դաշնակահարուհի  Սվետլանա Նավասարդյանի միջոցով։

Ցուցահանդեսի բացման առանձնահատուկ հատվածներից մեկն էլ նրա անզուգական կատարումներն էին․ հնչեցին մի քանի գործեր Շոպենից ու Կոմիտասից, և նշեմ, որ հանդիսատեսը սեպտեմբերի 23-ին, ժամը 18։00-ին ավելի շատ կատարումներ ունկնդրելու հնարավորություն կունենա՝ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող Սվետլանա Նավասարդյանի մենահամերգի ժամանակ, և բոլոր նրանք, ովքեր ժամանակ կգտնեն, կարող են գալ ու մեր «Էդենից» վերցնել իրենց եդեմական մասնիկը։

Կար, չկար․․․ Էդեն

Կար, չկար, նախաստեղծ մեծ անտառի խորքում մի հրաշալի ջրվեժ, որ հոսում էր անվերջ և հագեցնում ծարավը բոլոր կենդանի էակների…
Այդտեղից դուրս եկավ մի Ասպետ՝ իր ահեղ կանաչ աչքերը գլորելով և հոյակապ բեղերը ցցելով:
Նա հետևում էր քաղաքի շողշողուն ու ֆոսֆորեսցենտ լույսերին, որոնք ստեղծել էր մի շիկահեր Ջրահարս՝ խորը ձայնով և հեռավոր Մեքսիկայի շեշտադրությամբ…
Նրանք միասին շարունակեցին իրենց ճանապարհը… և, խորհրդավոր թռչունների երգով հրապուրված, հանդիպեցին թափառական Թռչնորսին։
Հենց այդ պահին երաժիշտ փերին, իր ֆանտաստիկ սև արկղից տարօրինակ հնչյուններ կորզելով, երեք ընկերներին առավ իր կախարդանքի հորձանուտի մեջ։
Եվ նրանք վերջապես կարողացան կյանքի Երկար Կտավի վրա նկարել իրենց բոլոր երազանքների Դրախտը:

Էմանուել Կոստե-Թադևոսյան
«Էդեն» նախագծի համադրող

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment