Այդ հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով դպրոցի բացակայության մասին է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան  820 մլն դրամ։

Արդյունքում՝ կառուցվել է 144 տեղ հզորությամբ տիպային (մոդուլային) դպրոցի նոր շենք: Քանդվել է դպրոցի հին շենքը, բարեկարգվել բակը, տեղադրվել է 67 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին դպրոցի շահագործման հանձնելու առիթով։ Վարչապետն ընդգծել է, որ նորակառույց դպրոց կարող են այցելել նաև մոտակա գյուղերի աշակերտները նույնպես: «Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, մենք հիմա ունենք այդպիսի դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ ուղղակի կարող են ապրել: Մեր ընկալումն այն է, որ դասերից հետո երեխաները չպետք է պարզապես տուն գնան, այլ պետք է ժամանակ անցկացնեն դպրոցում»,-ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետը հավելել է՝ այս ենթակառուցվածքը նաև բնակավայրի համար է շատ կարևոր, քանի որ մշակվում են տարբեր ծրագրեր, որպեսզի մեծահասակները նույնպես այս տարածքներն օգտագործեն  իրենց կյանքի որակը բարելավելու, սոցիալական շփման նոր ձևեր և նոր բովանդակություն ստանալու համար:

Անդրադառնալով PISA հետազոտության արդյունքներին, որոնց համաձայն Հայաստանի աշակերտները վատ ցուցանիշներ են արձանագրել, վարչապետը նշել է. «Այդ հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով դպրոցի բացակայության մասին է: Եվ այո՛, մենք հիմա պետք է, ըստ էության, ստեղծենք Հայաստանի Հանրապետության դպրոցը, Չորրորդ Հանրապետության դպրոցը»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունն անում է հնարավորը երկրում  կրթություն ստանալու լավ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու համար: Վարչապետը որակյալ կրթություն ապահովելու կարևոր պայմաններից է համարել ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը և նշել, որ այն  լինելու է շարունակական:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Դպրոցը կյանքով պետք է լիքը լինի, որովհետև ի վերջո այն կյանքը, որը մենք ուզում ենք, նախ պետք է դպրոցում կառուցենք: Դպրոցում կառուցած կյանքն է հետո արտահայտվում դրսում, այն կյանքը, որ մենք հիմա ունենք, արտահայտությունն է նրա, ինչպիսի կյանք ենք մենք կառուցել դպրոցներում, դասասենյակներում, ֆիզկուլտուրայի դահլիճներում, հանդիսությունների կամ դպրոցական բեմերում և այլն:

Սովորելու անբաժանելի մաս է ստեղծագործելը։ Հնարավոր չէ սովորել առանց ստեղծագործելու: Ստեղծագործությունը, ստեղծարար միտքն առաջնային է, և իմ կարծիքով՝ նույնը վերաբերում է նաև ուսուցչին։ Ուսուցիչն էլ պետք է ստեղծագործի և ստեղծագործելով սովորի, և մեր բոլոր որոշումներն ու քաղաքականություններն ուղղված են դրան՝ խթանել, խրախուսել ստեղծագործող ուսուցչին: Ուսուցիչը պետք է իմանա, որ իր ստեղծագործական և արդյունավետ աշխատանքը գնահատվում է պետության,  Հայաստանի Հանրապետության կողմից:

Վաղը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձն է, ուզում եմ առիթից օգտվել և  բոլորիդ անձամբ շնորհավորել մեզ համար այդ կարևոր տոնի առիթով: Անկախությունն այնպիսին է, ինչպիսին մենք այն կերտում ենք։ Եվ հետևաբար, մեր խնդիրն է ամեն տարվա հետ մեր անկախությունը, մեր պետությունը, մեր համայնքը, մարզը, միջավայրը, դպրոցը դարձնել ավելի լավը, ավելի մրցունակ, ավելի գրավիչ: Եվ այդ գրավչությունը և մրցունակությունը պետք է մեծ ուժ տա մեր երեխաներին, որպեսզի նրանք լավ սովորեն, որպեսզի նրանք լավ ապրեն»:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Շատջրեք բնակավայրում այցելել է նաև «Փռի» փառատոն: Այն կազմակերպել են «Կենարար» հիմնադրամը և Վարդենիս համայնքի գյուղաբնակ երեխաները` մարզային և համայնքային իշխանությունների աջակցությամբ:  Փառատոնը կազմակերպվել է հիմնադրամի «Առաջնորդների դպրոց» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է բացահայտել և զարգացնել պատանիների առաջնորդական հմտությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment