Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրի համայնքի ավագանու 15 մանդատի համար կպայքարի 4 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» եւ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»։
«Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Մեղրու համայնքի ավագանու անդամ, 34-ամյա Արմեն Հայրապետյանը։ Ընտրացուցակում 10 թեկնածու է ընդգրկված։
Նույնքան թեկնածու է ընդգրկված «Հայաստանի շնորհապետական կուսակցության» ընտրացուցակում։ Ցուցակի 1-ին հորիզոնականում՝ 65-ամյա Վլադիկ Գեւորգյանն է։
12 թեկնածուով ընտրապայքարի մեջ է մտնելու «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»։ Ցուցակը գլխավորում է 61-ամյա Արշավիր Հովհաննիսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում 42 թեկնածու է ընդգրկված։ Ցուցակը գլխավորելու է գործարար,41-ամյա Սերգո Գալստյանը։ Նա օրերս է դարձել կառավարող ուժի անդամ։ Ի դեպ, օրեր առաջ Аravot.am-ը տեղեկացրել էր այս մասին։
Հիշեցնենք, որ Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը սեպտեմբերի 10-ին կալանավորվել է «առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերի» մեղադրանքով։ Խաչատուր Անդրեասյանին ազատությունից զրկելով՝ Մեղրիում խառնվեցին խաղաթղթերը։ Ըստ գործող ընտրակարգի, կալանավորված անձինք կարող են որպես թեկնածու առաջադրվել ու չնայած Անդրեասյանը բանտից ուղերձ էր հղել՝ նշելով, որ շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, սակայն նա չընդգրկվեց կառավարող ուժի ընտրացուցակում։ «Եթե կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքային չլիներ, ՏԻՄ ընտրությունների նախօրյակին համայնքի ղեկավար չի ձերբակալվի ու կալանավորվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից»,-լրագրողների հետ ճեպազրույցում օրերս նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Նշենք նաեւ, որ Մեղրի համայնքում ընտրելու իրավունք ունի 8301 մարդ։ Թեկնածուների գրանցումը, թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կիրականացնի մինչեւ սեպտեմբերի 30-ը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: