Արցախը զոհաբերվեց բացառապես հանուն օտար շահերի․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին տարիներին ամեն բան արվել և արվում է, որպեսզի վերջնականապես փակվի Արցախի դռներն ու արցախյան հարցը: Այն փակելու փորձեր արվել են նաև պատմության տարբեր փուլերում: Սակայն դա քրիստոնեական Արցախն է, արևելահայության հին բնօրրաններից մեկը, որը հարություն առնելու և բացվելու հատկություն ունի:

Երեք տարի առաջ՝ այս օրերին, երկարատև շրջափակումից ու հյուծումից հետո, թուրքական աշխարհի առջև միայնակ մնացած Արցախի դեմ Ադրբեջանն իրականացրեց ռազմական ահաբեկչական ակտ: Չնայած ռուս խաղաղապահների նոմինալ (ֆորմալ) ներկայության՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արագորեն վերածվեց ամբողջ բնակչության ցեղասպանական վտանգի: Ակնհայտ էր, որ շուրջ 100 հազար խաղաղ բնակիչներ կամ պետք է սպանվեին, կամ բռնի կերպով տեղահանվեին:

Հայաստանի ու մնացյալ աշխարհի քաղաքական ղեկավարությունը դարի ողբերգություն հիշեցնող այս աղետին հետևում էին «հեռադիտակով»՝ թատերասեր հանդիսատեսի ջանասիրությամբ: Արտաքին աջակցությամբ իրականացված թավշյա իշխանափոխության գլխավոր նպատակներից մեկը, կարծես թե, իրականանում էր հենց այդ օրերին՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:

Պատահական չէին նաև 44-օրյա պատերազմից, Արցախի բնակչության բռնի տեղահանություններից ու էթնիկ զտումներից հետո, միջազգային (այդ թվում՝ եվրոպական) տարբեր լիդերների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղերձները: Այն դեպքում, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից բռնի տեղահանումը համարվում է մարդկության դեմ իրագործված հանցագործություն:

Ինչպես միշտ, աշխարհի քաղաքական շրջանակները թքած ունեն հայ ժողովրդի կրած տանջանքների և ողբերգության վրա, քանի որ իրենք ունեն իրենց շահերը: Այն է՝ հանուն գազի, նավթի ու ՌԴ-ն շրջանցող կոմունիկացիաների՝ սիրաշահել Բաքվին՝ օգտվելով 2022թ․ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Երևանի աննախադեպ «նվերից»:

Արևմուտք սիրողների և Ռուսաստան ատողների, ինչպես նաև Ռուսաստանին կուրորեն վստահողների «համատեղ ջանքերով» անգիտակից կերպով անտեսվեց հայկական շահն, ու Արցախը զոհաբերվեց բացառապես հանուն օտար շահերի:

Թուրք-ադրբեջանական կողմերը կարողացան վարպետորեն օգտվել 2018թ․-ից Հայաստանի ներքին կյանքում, տարածաշրջանում և աշխարհում զուգահեռաբեր ստեղծված նպաստավոր իրավիճակներից և առավելագույն օգուտ քաղեցին Հայաստանի քաղաքական ղեկավարության, քաղաքական ուժերի, ինչպես նաև հավաքական հայ ժողովրդի տեսանելի ու անտեսանելի սխալներից:

Մենք Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, հետևություններ չանենք՝ մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը:

Իսկ երբ մինչև վերջին դետալը հասկանանք մեզ հետ կատարված իրողությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, յուրաքանչյուրիս դերն ու նշանակությունը՝ վստահաբար կվերականգնենք Հայաստանի Հանրապետության ամուր դիրքերը: Չի բացառվում նաև, որ մենք՝ որպես պետություն, կարողանանք օգտվել ապագայում ստեղծվելիք նպաստավոր իրավիճակներից, ու մի գեղեցիկ օր կրկին բացենք Արցախի դռները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment