Գրոնոյի ձևակերպումների ամենախնդրահարույց կողմն այն է, որ դրանք կրկնում են միջազգային դիվանագիտության մեջ վաղուց արմատացած այն մեխանիզմը, որով ասիմետրիկ բռնությունը ներկայացվում է որպես «երկու կողմի պատմություն». «Փաստ»

Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, երբ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն պաշտպանում է իր մասնակցությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեպի Արցախ կազմակերպված դիվանագիտական այցին, իսկ քննադատություններին պատասխանում է ոչ թե Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների, Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման, հումանիտար ճգնաժամի և ավելի քան 150 հազար հայերի հայրենազրկման փաստերի շեշտադրմամբ, այլ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարազորության նշան դնելով։

Խոսքը ձևակերպումների մի «լեզվի» մասին է, որը արտաքինից ներկայանում է որպես չեզոքություն, հավասարակշռություն և միջնորդական զգուշավորություն, բայց իրականում հանգեցնում է պատասխանատվության լղոզման, զոհի և ուժ կիրառողի միջև սահմանների աղավաղման, փաստի և քարոզչության նույն հարթության վրա տեղադրման։

Գրոնոյի այցը եղել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած դիվանագիտական շրջայցի մաս, որի գլխավոր նպատակը Արցախում կատարվածի լեգիտիմացումն է միջազգային հանրության աչքում։ Քննադատության հիմնական առանցքը հենց այն էր, որ նման այցը տեղի է ունենում այն միջավայրում, որտեղ Արցախը բռնի հայաթափված է, իսկ միջազգային անկախ մոնիթորինգի, փախստականների վերադարձի երաշխիքների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության մեխանիզմների հարցերը մնացել են օդում կախված։ Այսինքն, ԵՄ հատուկ ներկայացուցչի ներկայությունը ոչ թե պարզապես տեղում իրավիճակին ծանոթանալու տեխնիկական քայլ է ընկալվում, այլ փաստացի մասնակցություն մի բեմադրության, որի նպատակն է աշխարհին ցույց տալ «հետկոնֆլիկտային նորմալություն»՝ այդ նորմալության ամենակարևոր գործոնի՝ Արցախի բնիկ հայ բնակչության բացակայությամբ։

Գրոնոյի ձևակերպումների ամենախնդրահարույց կողմն այն է, որ դրանք կրկնում են միջազգային դիվանագիտության մեջ վաղուց արմատացած այն մեխանիզմը, որով ասիմետրիկ բռնությունը ներկայացվում է որպես «երկու կողմի պատմություն»։ Երբ նրան ուղիղ հարց է տրվում Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների, մշակութային հուշարձանների ոչնչացման, վերանվանման կամ յուրացման մասին, նա խոսքը տեղափոխում է հակամարտության ավելի վաղ փուլերում կողմերին վերագրվող ավերածությունների դաշտ և նշում, որ հաղորդումները պետք է անկախ կերպով ստուգվեն մշակութային ժառանգության փորձագետների կողմից։

Առաջին հայացքից սա կարող է թվալ պրոֆեսիոնալ դիվանագիտական պատասխան՝ որևէ կողմի վերջնական մեղադրանք չներկայացնել, հղում անել փորձագիտական ստուգման անհրաժեշտությանը, ընդգծել ժառանգության պահպանման կարևորությունը։ Սակայն քաղաքական և բարոյական մակարդակում ականատես ենք լինում շատ ավելի լուրջ իրողության։Փաստացի դատարկված Արցախում, որտեղ հայ բնակչություն այլևս չկա, որտեղ հայկական եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանոցները, արձանագրությունները մնացել են այն պետության վերահսկողության տակ, որի ղեկավարությունը տարիներ շարունակ առաջ է տարել հայկական հետքի ժխտման, «կովկասյան ալբանականացման» և պատմական հիշողության վերաձևման քաղաքականություն, եվրոպական ներկայացուցիչը պատասխանատվությունը չի կոնկրետացնում, այլ այն վերածում է ընդհանուր, երկկողմ, մշուշոտ և ապագա ստուգման ենթակա հարցի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment