Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը գրում է․
«Այսօր հրաժեշտ տվեցինք Վիլհելմ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ՝ ևս մեկ պատվարժան անհատի, ով, ինչպես ինքն էր ասում, ՀԱՅ Է ու ԱՐՑԱԽՑԻ: Նա արցախցու տիպական կերպար է ամեն ինչով՝ իր սկզբունքայնությամբ, մեծ սրտով, իրառաքինությամբ ու խստապահանջությամբ, բայց նաև անչափելի հոգատարությամբ:
Վիլեն Կարապետյանը ծնվել է Բաքվում, կյանքի զգալի մասն ապրել է Երևանում, խորհրդային տարիներին բարձրակարգ էներգետիկի որակավորման շնորհիվ երկարատև գործուղումներ է ունեցել Գերմանիա ու Կուբա, և բոլոր այդ տարիներին նրա մտքում և սրտում մնացել են Աստղաշենի հայրական տունը և նախնիների հող հայրենին:
Վիլեն Վլադիմիրովիչի հետ իմ մտերմության հիմքում արցախյան հայտնի տոհմերից մեկի նույն արմատներն են: Բայց միայն դա չէր մեր քառորդդարյա բարեկամության պատճառը. մեր առաջին հանդիպումից հետո և բոլոր հաջորդ հանդիպումներին ես կարծես մասնակցում էի դասերի, որոնց հավաքական ամբողջությունը կլիներ առանձին մի գիրք՝ «Ինչպես է պետք սիրել Հայրենիքը» անվանումով:
Նա աշխարհից հավաքած իր տպավորություններն ու երազանքները տեղափոխեց արցախյան ԱՍՏՂԱՇԵՆ հայրական գյուղը, և այն դարձրեց աշխարհի կենտրոն: Մի քանի տարվա ընթացքում քարացած բնական աստղերով հայտնի այս գյուղում Նրա հովանավորությամբ բացվեցին ու սկսեցին գործել մանկական խաղահրապարակը, երաժշտական դպրոցը, վերաբացված եկեղեցու շուրջ մշակութային ու հանգստի գոտիները, գողտրիկ ջրաշխարհը: Գյուղի շատ փողոցներ սալապատվեցին, վերանորոգվեց ու կահավորվեց հանդիսությունների տունը: Այս ծրագրերին միացան նրա զավակները, հետո թոռները, իսկ հովանավորության շրջանակները տարածվեցին Ստեփանակերտ ու տարբեր շրջանների գյուղեր:
Կարապետյանների պապենական օջախում հյուրընկալվել են հայկական հանրապետությունների նախագահները, վարչապետները, պատգամավորներ, մտավորականներ, արտադրության կազմակերպիչներ ու արվեստի գործիչներ, օտարերկրյա հյուրեր, մանկատան երեխաներ: Այն դարձել էր յուրահատուկ հանդիպման վայր, որտեղ օր օրի հյուսվում էր Արցախի ապագա գյուղերի մոդելը:
Վիլեն Կարապետյանի հետ կարելի էր խոսել ամեն ինչից, նա Ղարաբաղի բարբառը հասցրել էր Կարիբյան ծովի ափեր և սիրում էր ժողովրդական երգեր երգել: Նրա հետաքրքրությունների դիապազոնը շատ բազմազան էր՝ Կոնֆուցիոսից մինչև Համո Սահյան, Բեթհովենից մինչև Գորոդեցկի:
Վերջերս մերձավորների շրջապատում, երբ նշվում էր նրա 90-ամյակը, նա բացահայտեց իր լավատեսության գաղտնիքը. իր հարազատների հանդեպ վստահությունը, իր հարսերի նկատմամբ սերն ու ակնածանքը, իր թոռներից ու ծոռներից սպասելիքները: Միակ անհանգստությունը՝ հայաթափված Արցախն ու բռնատեղահանված հայրենակիցներն են, որոնց հոգսերը թեթևացնելու համար նա արել է առավելագույնը և այնպես, որ տասնյակ անօգնական մարդիկ շարունակում են ստանալ ամենօրյա օգնություն և ջերմություն:
Վիլեն Վլադիմիրովիչը վաղուց հասել էր իմաստասիրության բարձրագույն մակարդակին, երբ բոլոր երևույթներին ու իրադարձություններին տրվում են Ճշգրիտ բանաձևումներ: Դրա հետ մեկտեղ նա հեշտությամբ էր գտնում դիմացինին հուզող խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհը և երբեք հրատապ գործը չէր թողնում վաղվա օրվան:
Ամենահիշվող բանաձևը՝ «Խավարն անիծելու փոխարեն՝ մեկ մոմ վառիր», և նա այդ բանաձևը տարածում էր սեփական օրինակով՝ մոմեր, լույսեր ու աստղեր վառելով, լուսավորելով շուրջը և շատերին:
Նա գնաց՝ իր հետևում թողնելով հազարավոր լուսավոր կետեր: Եվ Աստված հենց այդ լույսերի մեջ է պահելու Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանի հոգին:
Լուսանկարը՝ Աստղաշենի մանկական խաղահրապարակի բացման միջոցառումից է (2008թ.)»։