Հայկական կողմի հետ կանոնավոր շփումների ընթացքում մենք բարձրացնում ենք Հայաստանում ռուսական բիզնեսի աշխատանքի պայմանների հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Տարբեր մակարդակներում մեզ հավաստիացրել են, որ ռուսական ներդրումներին ոչինչ չի սպառնում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հայտարարությունները ոչ ամբողջությամբ են համապատասխանում իրականությանը։ Ավելի ու ավելի շատ փորձագետներ են համակարծիք այն հարցում, որ հանրապետությունում նկատվում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված «սեփականության վերաբաշխման» նշաններ։ Վառ օրինակ է հայ-ռուս գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շարունակվող ազգայնացումը։ Իր գործողությունները իշխող թիմը փորձում է հիմնավորել «կոռուպցիայի դեմ պայքարի», ապօրինի ձեռք բերված միջոցները պետական գանձարան վերադարձնելու և ընկերության արդյունավետությունը բարձրացնելու կարգախոսներով։ Իրականում սա ավելի շատ նման է ներքաղաքական դաշտում մրցակիցներից մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդարի»,- ասել է նա։
Գալուզինն անդրադարձել է նաև երկաթուղու կոնցեսիայի հարցին։
«Ամենայն լրջությամբ ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ երրորդ երկրի վաճառել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիան՝ հայկական երկաթուղային ցանցի կառավարման իրավունքը։ Պնդվում է, թե ռուսական ներկայությունը, իբր, զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Իրականում, սակայն, ամեն ինչ հակառակն է՝ ռուսական ընկերությունը երկար տարիներ իր ամբողջ եկամուտները ներդնում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, արդիականացման և զարգացման համար»,- հայտարարել է նա։
Գալուզինի պնդմամբ՝ կոնցեսիան վաճառելու մասին պնդումները, առանց համոզիչ բացատրության, թե ինչու դա կարող է անհրաժեշտ լինել ռուսական կողմին, կարող են վկայել այն մասին, որ, նրա բնորոշմամբ, «դրանց հետևում թաքնված է դրա առգրավումն ապահովելու և այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի շահերից ելնելով դրանք փոխանցելու մտադրություն»։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների օրինական շահերի պահպանմանը։ Դրանց խախտումը ոչ միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային միջավայրին, այլև Ռուսաստանի կողմից չի մնա առանց համապատասխան արձագանքի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի