«Մեղադրական եզրակացությունը կարդում ենք, տեսնում ենք, որ հանցանք չկա». փաստաբանը պահանջում է կարճել կաթողիկոսի գործը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների գործով դատական նիստը հետաձգվեց


ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների գործով դատական նիստի ընթացքում կաթողիկոսի պաշտպանները գործը կարճելու միջնորդություն են ներկայացրել դատարան։


Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ մեղադրական եզրակացությունը հիմք է տալիս գործը կարճելու համար։

«13.1 մասը կարճման հիմք է տալիս, ասում է՝ եթե հաստատվել է որևէ հանցանքի բացակայությունը։ Այս մեղադրական եզրակացությունն ուղիղ դրա մասին է։ Այս ամեն ինչը կարդում ենք, տեսնում ենք, որ հանցանք չկա։ Նորմալ չէ սա։ Սա բարեխիղճ քննության արդյունք չէ»,- այսօր կայացած դատական նիստի ժամանակ ասաց Կաթողիկոսի պաշտպանական թիմի անդամը։

Նրա խոսքով՝ այս դեպքում ձևի և բովանդակության բախում է տեղի ունենում։

«Մենք ձեզանից խնդրում ենք, ասում ենք` իրականացրեք բովանդակային արդարադատություն և վերջ տվեք այս գործընթացին», – նշեց փաստաբանը։


 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների գործով դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին։


Քրեական գործի մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամներին՝ երկու արքեպիսկոպոսի և չորս եպիսկոպոսի, մեղադրում են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։

Գարեգին Բ-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը խոչընդոտելը։

Նույն մեղադրանքն առաջադրված է նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հովնան եպիսկոպոս Հակոբյանին։

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի՝ «Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը» պատժվում է տուգանքով՝ առավելագույնը 20-ապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Leave a comment