Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է Եկեղեցու նկատմամբ պետական ճնշումները․ Սուրբ Էջմիածնում ավարտվել է ԳՀԽ ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) հերթական ժողովը, որի ընթացքում խիստ գնահատականներ են հնչել Հայ Եկեղեցու նկատմամբ պետական ատյանների որդեգրած քաղաքականության վերաբերյալ։

Ժողովականները, ամփոփելով Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն ու եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթները, անընդունելի են նկատել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու փորձերը։ ԳՀԽ-ն արձանագրել է, որ պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարությունն ու հավատացյալների խղճի և կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի կողմից ներկայացվել են նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հարուցած արհեստական խոչընդոտները․ մասնավորապես արձանագրվել է անհարկի մերժողական կեցվածք բարեգործական ու կրթական ծրագրերի հաստատման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման հարցերում։ Ընդգծվել է, որ նման քայլերը մեծապես վնասում են ազգային շահերին և խաթարում մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործընթացը։

Բացի իրավական ու քաղաքական հարցերից, ԳՀԽ-ն քննարկել է ներքին կանոնադրական փաստաթղթերի լրամշակման, Գևորգյան հոգևոր ճեմարանում կրթության որակի բարձրացման, ինչպես նաև համայնքներում կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորմանն առնչվող ծրագրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment