Շևցով․ Ռուսաստանցի սեփականատերերին ստիպում են ազատվել Հայաստանում իրենց ակտիվներից

Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին ստիպելով ազատվել դրանցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Արձանագրում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,-արձանագրել է նա։

Շևցովի խոսքով՝ շրջանառվում են թեզեր դրանց թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության հետևանքով բնապահպանական վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին։

«Այս ամենն արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու և սեփականատերերին դրանցից ազատվել ստիպելու համար»,-նշել է ՌԴ ԱԽ փոխքարտուղարը։

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղություն են որդեգրել։ ՌԴ ԱԽ Գիտական–փորձագիտական խորհրդի նախագահության նիստում նա նաև մեղադրել էր Երևանին ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։

Sputnik Արմենիա

Leave a comment