ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ում ստանում է անհրաժեշտ և համարժեք բուժօգնություն, հայտարարել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության»,-գրել է նա:
Նա հորդորել է զերծ մնալ «այս հարցի շուրջ ավելորդ շահարկումներից»։
Մինչդեռ նրա պաշտպանական թիմը հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն չի ստացել։
Պաշտպանների փոխանցմամբ՝ 71-ամյա Խաչատրյանին չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ։ Նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, անհրաժեշտ հետազոտություններ չեն իրականացվել, իսկ բժշկական օգնությունը սահմանափակվել է առանձին ցավազրկող միջոցների տրամադրմամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
Հայտարարությունում նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո որոշ հարցեր տեղային լուծում են ստացել, սակայն, պաշտպանների գնահատմամբ, Խաչատրյանի առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը չի վերացել։
Փաստաբանները հայտնել են նաև, որ Խաչատրյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրան վիրահատած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Պաշտպանները միջնորդել են թույլատրել բժշկին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Խաչատրյանին, սակայն այդ տեսակցությունը չի թույլատրվել։
Պաշտպանները ստեղծված իրավիճակը գնահատում են որպես «խոշտանգման լրջագույն հատկանիշներ» պարունակող և ԶԼՄ-ներին, իրավապաշտպան կազմակերպություններին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել գործը։
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։ Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով դուրս են բերել տնից, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ ներկայացվել է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն։ Արդյունքում օգոստոսի 2-ին նա երկու ամսով կալանավորվել է։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում ու մասնաճյուղերում։