Շատ ակտիվ շարունակում ենք եկեղեցու բարենորոգման ծրագիրը, սա էլ դրա մի մասն է. կարգալույծ Գևորգ Սարոյան

«Այս շարժումը սկսվել է, երբ որ մեր խղճի ազատության օրենքն է խախտվել, Սահմանադրությունն է խախտվել»,- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Վաղարշապատի նստավայրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործով» նախնական դատալսումներին ասաց կարգալույծ հռչակված Գևորգ Սարոյանը։

Նա շարունակեց. «Ինձ կարգալույծ են արել նրա համար, ես անհնազանդ եմ գտնվել, դա է հիմնավորումը»։ 

Նա նշեց, որ դատի է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որովհետև ներսում որևէ ատյան չի գործում։ 

Հարցին՝ ո՞ւր է հասել եկեղեցու բարենորոգման իրենց օրակարգը, Գևորգ Սարոյանը պատասխանեց. «Շատ ակտիվ շարունակում ենք, սա էլ դրա մի մասն է»։ 

Ըստ մեղադրանքի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում, պահանջվում է Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Leave a comment