Եվրամիությունն ակնկալում է, որ հայկական ապրանքների համար նախատեսված առևտրային արտոնությունները շատ շուտով կգործարկվեն, հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Վանաձորում՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։
«Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»,-ասել է նա, հայտնում է «Ազատությունը»:
Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի արտահանման նկատմամբ կիրառված սահմանափակումներին և դրանց ֆոնին Եվրամիության տրամադրած աջակցությանը։
«Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը ձեռնարկել է դեպի այդ երկիր արտահանման դեմ, ԵՄ-ն մեծացրել է իր աջակցությունն առևտրին», – ասել է ԵՄ դեսպանն ու շեշտել Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հնարավորություն կտան բազմաթիվ հայկական ապրանքների ԵՄ շուկա մտնել առանց մաքսատուրքերի։
Բրյուսելն արտոնությունները Հայաստանին առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ արտահանողներին նոր շուկաներ գտնելու հարցում աջակցելու նպատակով։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը սահմանափակ ժամկետով է գործելու և ընդգրկելու է հայկական արտահանման մի շարք ապրանքատեսակներ։
«Այս շաբաթ մենք տեսանք, որ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ սա շատ շուտով կպաշտոնականացվի»,-ասել է Մարագոսը։
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների սերտացման մեկ այլ օրինակ դեսպանը համարել է վիզաների ազատականացման շուրջ շարունակվող բանակցությունները։
«Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացման երկխոսություն, և ակնկալում ենք կոնկրետ առաջընթաց այս ոլորտում: Կա գործողությունների ծրագիր, կառավարությունը աշխատում է դրա վրա»,-հայտարարել է Վասիլիս Մարագոսը:
ԵՄ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ գործընթացի հետագա ընթացքն այժմ կախված է Հայաստանի իշխանությունների գործողություններից, և գնդակը «հիմա Հայաստանի իշխանությունների ձեռքերում է»:
«Ես շատ վստահ եմ, որ մեր տեսած առաջընթացի պայմաններում դա շատ չի ուշանա, և մենք շատ ակտիվորեն աշխատում ենք դա կյանքի կոչելու ուղղությամբ»,-ասել է Մարագոսը։
ԵՄ դեսպանը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթ նախատեսել են այցելել Սյունիք, որտեղ Եվրոպական կառույցը մտադիր է 250 միլիոն եվրոյի ներդրում կատարել՝ մարզի զարգացմանն ու բիզնեսին աջակցելու նպատակով։
Հենց Սյունիքի տարածքով է անցնելու նաև TRIPP ճանապարհը, որը, Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապելուց և Տրանս-Կասպյան առևտրային երթուղում կարևոր օղակ ստեղծելուց բացի, ենթադրում է նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծերի իրականացում։
Եվրահանձնաժողովի ղեկավարը ամիսներ առաջ Հայաստան, ապա Ադրբեջան կատարած այցերի ընթացքում, հայտարարել է, որ եվրոպական ընտանիքը պատրաստ է մինչև 200 միլիոն եվրո ներդնել տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման, տարածաշրջանի տնտեսական մասնատվածության նվազեցման, ինչպես նաև Հարավային Կովկասը Եվրոպային և Կենտրոնական Ասիային ավելի սերտ կապելու համար։
«Իսկապես էական է, որ մենք շարունակենք աջակցել մարդկային կապիտալին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրում ոչ միայն տնտեսության, այլև ժողովրդավարական դիմակայունության և հասարակական դիմակայունության համար, որը մենք պետք է շատ ավելի շատ տեսնենք ապագայում»,-ասել է Մարագոսը։
ԵՄ դեսպանը Վանաձորում մասնակցել է MitOst միջազգային ամենամյա փառատոնին, որն անցկացվել է «Ժողովրդավարական դիմակայունությունը գործնականում․քաղաքացիական հասարակությունը վերափոխումների և անհստակության արանքում» թեմայով։
MitOst-ը միջազգային ցանց է, որը միավորում է սոցիալական փոփոխությունների, մշակութային փոխանակումների, ակտիվ քաղաքացիության, հասարակական համերաշխության և համանման նպատակների ուղղությամբ աշխատող անհատների ու կազմակերպությունների։ Ներկայում ցանցին անդամակցում է ավելի քան 1000 մարդ՝ ավելի քան 40 երկրից։ Փառատոնի մեկնարկից ի վեր Վանաձորում հավաքվել են Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիական հասարակության մոտ 80 ներկայացուցիչ։