Կենտրոնական բանկը կառավարությունից անկախ կառույց է, որն ինքնուրույն է կայացնում տնտեսության դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումները։ Մասնավորապես, որպես հիմնական գործիք կիրառվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը վկայում է մակրոտնտեսական բացասական սպասումների մասին։ Սեպտեմբերի 15-ին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ հասցնելով այն 6.75%-ի, ինչը թեև փոքր բարձրացում է, սակայն կարևոր հայեցակարգային փոփոխություն է։ Այս որոշումը տոկոսադրույքի առաջին բարձրացումն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ այն հասել էր 10.75%-ի՝ առավելագույն մակարդակին, որից հետո սկսվեց տոկոսադրույքի նվազման տևական փուլը։
Տնտեսական խաղացողները չէին կանխատեսում, որ տոկոսադրույքի բարձրացում է սպասվում, քանզի սպասումները դեռևս դրական են։ Որոշումից մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկի կողմից իրականացված հարցումները փաստել էին, որ շուկայի մասնակիցներն ակնկալում էին տոկոսադրույքի անփոփոխ մակարդակ առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ դրան հաջորդող նվազման սպասումով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշումը հաստատվում է ԿԲ խորհրդի քվեարկությամբ, ընդ որում, քվեարկության պատկերն ավելի հետաքրքիր է, քան բուն ցուցանիշի 0.25 տոկոսային կետով փոփոխությունը։ Հունիս ամսին խորհրդի ութ անդամներից յոթը կողմ էին քվեարկել տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն, և միայն մեկ անդամ՝ Նարեկ Ղազարյանն էր կողմ արտահայտվել բարձրացմանը ։ Սեպտեմբերին նույն կազմով կայացած նիստում արդեն հինգ անդամ քվեարկեց տոկոսադրույքի բարձրացման օգտին։ Փաստացիորեն, մեկ եռամսյակի ընթացքում խորհրդի չորս անդամ փոխեցին իրենց դիրքորոշումը։ Այսպիսով, տնտեսության նկատմամբ ակնկալիքներն այս կարճ ժամանակահատվածում էականորեն փոփոխվել են։
2026թ. սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%։
Քննարկենք, թե ինչի համար է սա հույժ կարևոր տնտեսության և հասարակ քաղաքացու համար։
Խորհրդի անդամները տարբեր տեսակետներ հայտնեցին միջնաժամկետ հորիզոնում առկա ռիսկերից բխող մակրոտնտեսական հետևանքների կառավարման առաջնահերթությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Մարտին Գալստյանը, Հովհաննես Խաչատրյանը, Լևոն Սահակյանը, Նարեկ Ղազարյանը և Արտակ Մանուկյանը, առավել կարևորելով Ա տիպի սցենարներից բխող ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը, քվեարկեցին քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացնելու օգտին։ Մյուս կողմից՝ Արմեն Քթոյանը, Դավիթ Նահապետյանը և Արմեն Նուրբեկյանը քվեարկեցին քաղաքականության տոկոսադրույքը՝ շուկայի սպասումներին համահունչ անփոփոխ թողնելու օգտին։
Աղասի Թավադյանի վերլուծությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: