KPI կգործի նախարարների վարձատրության համար, բացի աշխատավարձերի բարձրացումը. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական կառավարման համակարգում բարձրակարգ մասնագետների ներգրավման խնդիրը մշտապես առկա է եղել, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո այն առավել սրվել է, քանի որ համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ կառավարության հաստատած նախագծին Աղաջանյանը նշեց, որ հեղափոխությունից հետո մոտիվացիոն շղթաները փոխվել են, և ցածր աշխատավարձերը պետական համակարգը դարձրել են ոչ հետաքրքիր մասնավոր ոլորտի բարձրորակ մասնագետների համար:

«Մենք արդեն 8 տարի է՝ կառավարման ղեկին ենք, և կարծում եմ՝ այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Վստահ եմ, որ սա կունենա իր համապատասխան էֆեկտը՝ բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,-ընդգծեց պատգամավորը:

Էդուարդ Աղաջանյանի փոխանցմամբ՝ ըստ շրջանառվող նախագծի՝ կառավարությունում (նախարարների, փոխնախարարների, վարչության պետերի մակարդակով) աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ ներդրվելու է նաև KPI (գործունեության արդյունավետության առանցքային ցուցանիշների) համակարգ:

Միևնույն ժամանակ, նա պարզաբանեց, որ ԱԺ պատգամավորների համար KPI համակարգ կիրառելը հնարավոր չէ՝ հաշվի առնելով պատգամավորի առանձնահատուկ կարգավիճակն ու առաջնային մանդատը:

«Պատգամավորի գործունեության արդյունավետության գնահատականը պետք է տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իր ընտրությամբ՝ հաջորդ ընտրությունների ժամանակ»,-նշեց պատգամավորը։

Պատասխանելով այն հարցադրմանը, թե ինչու է բարձրացվում պաշտոնյաների աշխատավարձը, երբ երկրում նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ Աղաջանյանը հայտնեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը ևս քննարկվում է կառավարությունում:

Վերջում պատգամավորը շեշտեց, որ նախագիծը դեռ պաշտոնապես չի ստացվել Ազգային ժողովում, և խմբակցությունը վերջնական որոշում կկայացնի միայն հանձնաժողովային ու խորհրդարանական քննարկումների արդյունքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment