Կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել, վիրահատությունը ենթադրում էր մեկ ամիս բավականին բարձր ռիսկի գոտի։ Այս մասին լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
«Դա չի ենթադրում, որ տեսքը պետք է վատ լինի, մարդը թույլ ու վատառողջ պետք է լինի։ Դա ենթադրում է ուղղակի ռիսկի գոտի, քանի որ մենք խոսում ենք սրտի վիրահատության հետ կապված։ Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք՝ այս պայմանները հաշվի առնելով՝ ոչ փորձ ենք անում ցույց տանք, թե վայ, տեսեք, շատ վատ է, ոչ էլ փորձ ենք անում ցույց տալ, թե ընդհանրապես առողջական որևէ խնդիր չկա։ Հիմա մեր խնդիրն այն է, որ քրեակատարողական փակ հիմնարկում գտնվելու պահին, վիրահատությունից անմիջապես հետո որոշակի ռիսկի գործոններ կան, որոնք այս պահին կառավարելի են, բայց դա չի նշանակում, որ ռիսկերն ամբողջությամբ հաղթահարված են»,- ասաց նա։
Օրբելյանը նշեց, որ Քոչարյանի պահման պայմանների հետ կապված կան որոշակի խնդիրներ, որոնցով զբաղվում են։ Ըստ նրա՝ դրանք շատ տեխնիկական հարցեր են, որոնք առաջացնում են զգալի խնդիրներ։
«Իրականում ամենամեծ խնդիրը, որը մենք այս պահին ունենք, դա նախագահի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու փորձն է, դա ոչ միայն կալանավորելու լույսի ներքո եմ ես տեսնում, այլ նաեւ՝ հանդիպումները սահմանափակելու։ Այսինքն՝ գտնում եմ, որ պատգամավորների հետ հանդիպումները չսահմանափակելը պարտադիր պահանջ է, որովհետև նախագահը ղեկավարում է ԱԺ ֆրակցիաներից մեկը՝ «Հայաստան» դաշինքը։ Նախագահը պետք է ունենա հնարավորություն՝ շփվելու պատգամավորների հետ, քննարկելու ներքաղաքական, արտաքին քաղաքական և մնացած հարցերը՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք տեղի են ունենում հիմա։ ԱԺ-ն այն հարթակն է, որտեղ այդ հարցերը պետք է բարձրացվեն, և, կրկնում եմ, պետք է լինի հնարավորություն քննարկելու»,- ասաց Օրբելյանը։
Նա նշեց, որ կիրառված կալանքն ինքնին խնդրահարույց է, պաշտպանները բողոքարկել են։ «Գտնում ենք, որ այս կալանքի որոշումը չէր կարող լինել, որովհետև այն, ինչում նրան մեղադրում են, ուղղակի հանցագործության հետ կապ չունի։ Այսինքն՝ մեղադրված է նրա համար, որ վավերացրել է կառավարության որոշումներ, այնինչ, Սահմանադրության համաձայն՝ 1995-2005 թվականներին ՀՀ բոլոր կառավարության որոշումները վավերացվում էին։ Հետևաբար, նա կատարել է իր սահմանադրական պարտականությունը, ինչի համար նրան պատասխանատվության են ենթարկում»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով «պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու» համար մեղադրանքին՝ Օրբելյանն ասաց․ «Ինչ-որ մեկը գնել է տարածքը 40 մլն-ով, ծախել է 1 մլրդ-ով, նման պնդում տեսել եք բոլորդ։ Առաջինը՝ դա նախագահը չէ, Սեդրակ Քոչարյանը չէ, ոչ էլ հարազատներն են, ակնհայտ է, որ դա երրորդ անձի գործարք է եղել, ինչը երևում է գործի նյութերից ու ապացույցներից։ Բայց ամենակարևորը, որ բաց է թողնվում 20 տարին՝ 2001 թվականի ձեռք բերված հողը վաճառվել է 2021 թվականին։ Մինչև Երևանի ակտիվ կառուցապատման սկիզբը գները զգալիորեն ավելի ցածր էին»։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Մարտի մեկի գործով։ Ռոբերտ Քոչարյանից բացի, այս գործով մեղադրյալի աթոռին են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին ենթակաները սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էին դեռ 2021-ին: Արդարացումից 3 տարի անց Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, գործն ուղարկեց նոր քննության:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: