«Դուք եզակի մարդ եք, ձեր նկարը պետք է ԿԸՀ-ի շենքի վրա կախել, որ ասեն՝ միակ ԿԸՀ նախագահը, որից բոլորը դժգոհ են». Արթուր Խաչատրյանը՝ Վահագն Հովակիմյանին

«Չի կարող այսպիսի բան լինել, սա չարաշահում է, սա տեղից միջամտել է, սա նիստի վարման ընթացքին հետևել չէ, սա… իշխանության ուզուրպացիա է»,- ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանին ձայնի իրավունքից զրկելը այսպես բնութագրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Եվ քանի որ նշեցի Արթուր Սարգսյանի անունը, որը հիմա չի կարող մասնակցել մեր նիստերին, ինքը ինձ խնդրեց մի տեղեկություն տալ և հարցնել պարոն Հովակիմյանից, թե ինչ լուր կա։ Գորիս-Սիսիան ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը հավաքել էր Լոր գյուղի տեղամասի չքվեարկած թերթիկները և տարել։ Նպատակը պարզ էր՝ հասկանալ, թե ինչ է ընտրությունների վիճակը, ինչպես են քվեարկել, ում օգտին են քվեարկել։ Նրա ամուսինը՝ Սիսիանի կոմունալի պետը, այդ տեղամասի նախագահն էր, որն, ի դեպ, կոմունալի բոլոր աշխատողներին բերել, գրանցել էր այդ տեղամասի վրա։ Սա, իհարկե, ժողովրդավարական ընտրությունների էտալոնն է, սա, իհարկե, իդեալական ընտրություններ են»,-  շարունակեց Արթուր Խաչատրյանը։

Դիմելով ԿԸՀ նախագահին՝ ընդդիմադիր պատգամավորը շարունակեց․ «Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ։ Գիտե՞ք ինչու․ որովհետև բոլոր ընտրություններից հետո… փոխաբերական, լավ, հանկարծ չասեք՝ «ձեր մահն է ցանկանում, բան… անիծում է»… Բոլոր ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանություններն ասում են՝ «Հա, դե… դե լավ, հիմա եղել են խախտումներ, դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա»։ Իշխանությունն ասել է՝ «Չէ՛, ընտրությունները կեղծված են, վատն են եղել, այս կողմ խախտումներ են եղել, բռնություն և այլն»։ Բոլոր ընտրություններին այդպես է եղել։ Միայն այս ընտրություններն են, որ ձեզնից բոլորն են դժգոհ։ Դուք եզակի մարդ եք, ձեր նկարը պետք է ԿԸՀ-ի շենքի վրա կախել, որ ասեն՝ միակ ԿԸՀ նախագահը, որից բոլորը դժգոհ են։ Լավ, ո՞նց եք դուք շարունակում պաշտոնավարել, երբ չկա մեկը, որ ձեր աշխատանքից գոհ լինի։

Ձեր անմիջական ղեկավարը, նախորդ կյանքում, մինչև ԿԸՀ անդամ դառնալը, գրել է, որ այս ընտրություններում ընդդիմության ձայները կաշառքով են գնել։ Եվ ընդդիմությունը մենակ «Հայաստան» խմբակցությունը չի, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը չի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի… ընդդիմություն են ՀԱԿ-ը, «Ազգային ժողովրդավարական բևեռը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Միասնության» թևերը… այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ՔՊ չեն, ըստ սահմանման, ընդդիմություն են։ ՔՊ-ի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցների 49… 51-ին այդ մարդը կոչել է կաշառակերներ։ Լավ, դուք ի՞նչ երեսով եք գալիս, այստեղ նստում։ Էլի եմ ասում՝ չկա մեկը, որ ձեզնից գոհ լինի… Կամ էլ ասում ես՝ «Նիկո՛լ Փաշինյան, ճիշտ չես ասում»։ Դե վե՛ր կացեք, եկե՛ք, ասե՛ք՝ «Սուտ է, այդպիսի բան չկա», որ այսօր գոնե գնաք, մի անգամ ասեք՝ տղամարդկություն եմ ունեցել, իմ նախկին շեֆին ասել եմ՝ սուտ ես ասում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment