ՌԴ-ն ՀՀ-ին «նախազգուշացրել» է ռուսական ձեռնարկությունների «ռեյդերական զավթումների» հետ կապված

ՌԴ-ում շարունակում են տարածել Հայաստանում ռուսական ընկերությունների, իբր, «ռեյդերային զավթման» մասին թեզը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը Երևանին «նախազգուշացրել» է ռուսական ձեռնարկությունների իրավիճակի հետ կապված, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նման մարտավարությունն իսկական «կրակոց կլինի սեփական ոտքին» Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետությունում ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր և օրինական հիմքերով արդյունավետորեն կառավարում է իր ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում»,- ասել է նա։

Շևցովի պնդմամբ՝ կան նշաններ, թե Հայաստանում հաջորդ թիրախները կարող են դառնալ տեղական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները։

«Հաջորդ թիրախները («ռեյդերական զավթումների») կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,- ասել է Շևցովը։

Նրա խոսքով՝ շրջանառվում են թեզեր այդ ձեռնարկությունների թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության, գործունեության հետևանքով հասցվող բնապահպանական վնասի, ինչպես նաև աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին։

«Դա արվում է ռուսական ակտիվներն արժեզրկելու և սեփականատերերին դրանցից հրաժարվելուն հարկադրելու նպատակով»,- հայտարարել է Շևցովը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի գործարարի։

«ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն միանգամայն հստակ և հասկանալի կերպով արտահայտվել է Հայաստանի իշխանությունների՝ ռուսական բիզնեսի նկատմամբ վերաբերմունքի մասին։ 2025 թվականի կեսերից Փաշինյանի թիմը հետևողականորեն գնում է ռուսաստանցի գործարար և Հայաստանի իշխանությունների գլխավոր քաղաքական ընդդիմախոս Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման ուղղությամբ, ինչը փաստացի ռեյդերական զավթում է։ Արձանագրում ենք, որ պաշտոնական Երևանի կողմից ճնշումն ուղղված է ոչ միայն ռուսական բիզնեսի, այլև Հայաստանի այն գործարարների դեմ, որոնք համաձայն չեն [վարչապետ Նիկոլ] Փաշինյանի քաղաքականությանը և գտնվում են ընդդիմության շարքերում»,- նշել է Շևցովը՝ որպես օրինակ ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի կալանավորումն ու նրա բիզնեսների հետ կապված իրավիճակը։

Հիշեցնենք, որ նախօրեին նմանատիպ հայտարարություններ էր արել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ  Շոյգուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment