«Փողերի լվացման գործերն այսօր կաբինետներում են»․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատախազության հետ հաշտության հնարավորության մասին

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս գործով Ռոբերտ Քոչարյանից բացի, մեղադրյալների թվում են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին ենթակաները սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էին դեռ 2021-ին: Արդարացումից 3 տարի անց Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, գործն ուղարկեց նոր քննության: 

Այսօրվա նիստում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։ Նրա խոսքով՝ այս քրեական հետապնդումը 2018 թվականի հուլիսին նախաձեռնված քրեական հետապնդման շարունակությունն է։ Եվ այն ժամանակ, և հետագայում չի հաղթահարվել Խաչատուրովի նկատմամբ միջազգային դիվանագիտական անձեռնմխելիությունը, որն այդ պահին եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանի դահլիճում է նաև կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը։ Նա չպատասխանեց լրագրողների հարցերին։ Հարցին, թե «փողերի լվացման» գործով դատախազության հետ հաշտություն պատկերացնո՞ւմ է, Քոչարյանը պատասխանեց․ «Փողերի լվացման գործերն այսօր կաբինետներում են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանի բակում հավաքվել են Քոչարյանի աջակիցները և իրենց բողոքն են հայտնում նրա խափանման միջոց կալանքի վերաբերյալ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment