2026 թվականի հունվար–հունիսին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ ավելացել է 72․9 տոկոսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նա նշել է, որ նույն ժամանակահատվածում հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի Հնդկաստան կրկնապատկվել է՝ գրանցելով 100 տոկոս աճ, Չինաստանի ուղղությամբ աճը կազմել է 66․8 տոկոս, իսկ ԱՄՆ՝ 4․2 տոկոսով։
Նախարարը թվային տվյալներ չի ներկայացրել:
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2026-ի հունվար–հունիսին Հայաստանի ընդհանուր արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6․7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 431․3 մլն դոլար։
Սեպտեմբերի 2-ին ԵՄ խորհուրդը (Coreper II դեսպանների մակարդակով) հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է 2 տարի ժամկետով ժամանակավորապես կասեցնել հայկական ապրանքների լայն շրջանակի համար սահմանված մաքսատուրքերը և ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը։
Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է նաև Հայաստանից կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներմուծումը։ Գերատեսչությունն ընդունված որոշումները հիմնավորել է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։