«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովում քննարկվել է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ ՔՊ անդամ Ավետ Կոնջորյանի վարքը։ Այս մասին հայտնել է ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Լևոնյանը, տեղեկացնում է Factor.am-ը:
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հանձնաժողովում Ավետ Կոնջորյանին վերաբերող վարույթ չի եղել։
«Եզրահանգում չունենք, քանի որ չունենք նախաքննություն, երբ լինի նախաքննություն, ավարտին կլինի նաև եզրահանգում»,- ասել է ՔՊ-ական պաշտոնյան։
Հարցին՝ արդյոք հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում վարույթ հարուցելու կամ չհարուցելու վերաբերյալ վերջնական որոշում է ընդունվել, Լևոն Լևոնյանը պատասխանել է, որ դա նեղ կուսակցական տեղեկություն է ենթադրում, որը չի կարող հրապարակել։
«Գուցե, սպասենք նախաքննական մարմինների կողմից լինեն որոշակի հաստատումներ կամ հստակեցնումներ, նոր վերահսկող հանձնաժողովը կգործադրի իր լիազորությունները»,-ասել է նա:
Հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, ծեծի է ենթարկվել։ ԶԼՄ-ները հայտնել են, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում՝ իր տան շքամուտքի դիմաց, ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:
Համացանցում նաև տեսանյութ է հրապարակվել, որում 4 տղամարդիկ մոտենում են գետնին ընկած տղամարդուն սկսում են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում են:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ավետ Կոնջորյանը պարբերաբար անցել է Նաիրի Հակոբյանի տան հարևանությամբ և հայհոյանքներ հնչեցրել։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որում արձանագրված է եղել դրվագներից մեկը, երբ Ավետ Կոնջորյանը, պարեկային մեքենայի ուղեկցությամբ, անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։
Ավելի ուշ Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոնջորյանի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նա նշել է, որ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, և դա իր մեջ խուլիգանության հատկանիշներ է պարունակում։
Կոնջորյանի ծեծի դեպքով ևս վարույթ է նախաձեռնվել, և կան կալանավորված անձինք։