Հայաստանի քաղաքական օրակարգում նոր «թշնամի» կա՝ դպրոցի պատմության ուսուցիչը եւ, առհասարակ` ուսուցիչներն ու «տգետ» տնօրենները։ Նրանք երեխաներին «վտանգավոր» միտք են ներշնչում՝ որ Արեւմտյան Հայաստան ու Արցախ են եղել, որ մեծանան ու գնան «Մուշն ու Վանն ազատագրելու»:
Սեպտեմբերի 17-ին «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն 2026» միջազգային համաժողովի ժամանակ այդ անհայտ ուսուցչի մասին է պատմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անվտանգային շատ խնդիրներ սկսվում են հենց մեր մտքում՝ իրականության եւ միջավայրի ընկալումից։ Քաղաքացիների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանցից մեկն ասաց, թե «Պատմություն» առարկայի ժամին ուսուցիչն իր երեխային ասել է, որ մեծանան՝ պետք է ազատագրեն Մուշն ու Վանը»։ Կառավարության ղեկավարը նշել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի նման երեւույթների դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար ու հակասում է «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը:
Պատմաբան, ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը, մեկնաբանելով Փաշինյանի այս սկանդալային հայտարարությունը, հիշեցնում է, որ այս ձգտումը՝ գնալ Մուշն ու Վանն ազատագրել, ժողովրդի գիտակցության մեջ միշտ է եղել՝ ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ մինչ այդ: «Եթե դպրոցում, կենցաղային մակարդակում մարդիկ իրար հետ զրուցում են էդ թեմաներով, կամ դասատուն է աշակերտի հետ խոսում, ուրեմն մարդկանց պետք է բռնեն նստացնե՞ն: Այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա: Դա նորմալ վիճակ է, ինչո՞ւ հանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը, որ ի՞նչ լինի»,- հարցնում է նա:
Դե, Փաշինյանը կարծում է, թե դա մեր անվտանգությանն է վնասում, ըստ Ձեզ` չի՞ վնասում: «Երեւի Թուրքիան հայտարարություն է արել այդ առիթով, որ երեխային նման բան են ասել, նոտա՞ է ներկայացրել Հայաստանին, թե՞ ինչ»,- հարցնում է պատմաբանը:
Առհասարակ, հնարավո՞ր է ժողովրդի գիտակցությունից հանել պատմական հիշողությունը: «Եթե դա հնարավոր է դարձել, ու եթե եղել են նման ազգեր, որոնք իրենց պատմությունը մոռացել են, մի քանի տասնամյակ հետո դրանք պատմական ասպարեզից վերացել են ուղղակի: Իսկ եթե պետության առաջին դեմքն է նման հայտարարություն անում, ապա՝ այո, դա երկրի համար վտանգավոր է»,- համոզված է Աշոտ Սարգսյանը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: