Պետական համակարգում սպասվում են աշխատավարձային փոփոխություններ․ Տիգրան Խաչատրյանը մանրամասնում է բարեփոխումների տրամաբանությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրային ծառայողների վարձատրության նոր համակարգի ներդրումը նպատակ ունի պետական հատված ներգրավել որակյալ մասնագետների, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։

Այս մասին հայտարարել է ՀՀ փոփոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների և հանրային ծառայողների աշխատավարձերի փոփոխության նախապատմությանը։

Փոխվարչապետի փոխանցմամբ՝ վերջին շրջանում պետական աշխատողների աշխատավարձերը մասնավոր հատվածից զգալիորեն ցածր էին, ինչն էլ պահանջում էր համապատասխան պայմաններ ստեղծել՝ որակյալ կադրեր ներգրավելու համար։ «Ուսումնասիրեցինք աշխարհի փորձը, որոշեցինք խրախուսման պիլոտային համակարգ ներդնել, որը թույլ կտար գնահատել աշխատողների անելիքն ու չափելի արդյունքները:

Այս համակարգի հիմքում բուն աշխատավարձն է ու լրավճարը՝ ըստ գրանցած հաջողության»,— նշել է Տիգրան Խաչատրյանը։

Ընդգծելով նախաձեռնության հակակոռուպցիոն կողմը՝ կառավարության տեղակալը հստակեցրել է, որ պաշտոնյան իր պարտականությունները կատարելիս պետք է ապավինի բացառապես պետական աշխատավարձին, այլ նո՛չ նվերներին։

Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր մարդկանց առնչվող այս փոփոխությունը ժամանակի ընթացքում ենթադրում է նաև մտածողության ձևափոխում։ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ գումարային ֆոնդը հատկացվելու է տվյալ գերատեսչությանը, որն էլ իրականացնելու է դրա բաշխումը աշխատակիցների միջև:

Նախկին մոտեցմամբ՝ գումարը հավասարաչափ էր բաշխվում, ինչը լավ աշխատողի մոտ առաջացնում էր անարդարության զգացում և մոտիվացիայի կորուստ։ Նոր մեխանիզմի կիրառմամաբ՝ ներդրվելու է անհատական աշխատանքի կարգավորման համակարգ, որտեղ գերատեսչության ղեկավարը պետք է հստակ պարզաբանի, թե ինչու է այս կամ այն աշխատակիցը ստացել տվյալ չափի վարձատրություն։

Անդրադառնալով պատգամավորների աշխատանքի արդյունավետության գնահատմանը՝ փոխվարչապետը պարզաբանել է, որ նրանց նկատմամբ նույնական գնահատման համակարգ կիրառվել չի կարող։ Այստեղ գործելու է այլ կարգավորում․ գործադիրի հաջողությունները տարածվելու են նաև օրենսդիր մարմնի վրա։

Միևնույն ժամանակ, Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդդիմադիր պատգամավորների թիրախային հարցադրումները՝ ընդգծելով, որ առանց դրանց անհնար կլինի բարելավել Կառավարության աշխատանքը։

Դիտարկմանը, թե արդյոք վտանգ չկա, որ գերատեսչությունները կարող են ներկայացնել «սովետական հնգամյակը 2 տարում» ձևաչափի կեղծ ցուցանիշներ, պաշտոնյան արձագանքել է․ «Կարող է նման գայթակղություն լինել, բայց չափելիության աստիճանի բարձր սահմանման դեպքում դա անհնար կդառնա»։

Leave a comment