2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Էս պաշտոնյան բա ո՞նց է ապրում, ո՞նց ա կոստյում ու ժամացույց առնում։ Այս խնդիրը չլուծելը բերելու է աղետների»,- այսօր Կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Որ աղետից խուսափեն, Փաշինյանը զգալիորեն բարձրացնում է իր ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները, որով Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը բարձրանում է 68,4 տոկոսով կամ 1 մլն 80 հազար դրամով՝ դառնալով 2 մլն 662 հազար դրամ՝ ներկայիս 1,5 մլն դրամի փոխարեն։

Ըստ նախագծի՝ աշխատավարձերի բարձրացման հիմք է հանդիսանում պաշտոնյաների դրույքաչափերի գործակիցների բարձրացումը։ Վարչապետ Փաշինյանի գործակիցը գործող օրենքով 19 է, որը բազմապատկվում է բազային աշխատավարձով՝ 83,200 դրամով։ Նոր փոփոխություններով՝ 83,200 դրամն արդեն բազմապատկվելու է վարչապետի համար սահմանված նոր գործակցով՝ 32-ով։

Ուշագրավ է, որ նախկինում բազային աշխատավարձն էր փոփոխության ենթարկվում, ինչը նպաստում էր նաև նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։ Այժմ քաղաքացիները կշարունակեն ստանալ նվազագույն՝ 75 հազար դրամ աշխատավարձը, իսկ պաշտոնյանները՝ հարյուր հազարներով ավելի։

Այսպես՝ ՀՀ նախագահի աշխատավարձը 1 մլն 664 հազար դրամից դառնում է 2 մլն 662 հազար դրամ, փոխվարչապետներինը՝ 1 մլն 289 հազար դրամից՝ 2 մլն 163 հազար դրամ։

116 տոկոսով բարձրանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նախարարների աշխատավարձը՝ 998 հազար դրամից դառնալով 2 մլն 163 հազար դրամ։

Մարզպետների աշխատավարձը գործող 832 հազար դրամից նախատեսվում է հասցնել 1 մլն 497 հազար 600 դրամի։ Աճը կկազմի 665 հազար 600 դրամ կամ 80 տոկոս։

Նախարարի տեղակալի աշխատավարձը 707 հազար 200 դրամից կդառնա 1 մլն 414 հազար 400 դրամ՝ 707 հազար 200 դրամով կամ 100 տոկոսով աճելով։

Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը գործող 1 մլն 497 հազար 600 դրամից նախատեսվում է հասցնել մինչև 2 մլն 496 հազար դրամի։ Այսինքն՝ աճը կկազմի 915 հազարից մինչև 998 հազար 400 դրամ։

ԱԺ նախագահի տեղակալի աշխատավարձը 1 մլն 164 հազար 800 դրամից նախատեսվում է հասցնել մինչև 2 մլն 163 հազար 200 դրամի։ Աճը կկազմի մինչև 998 հազար 400 դրամ։

ԱԺ պատգամավորի աշխատավարձը 832 հազար դրամից կդառնա մինչև 1 մլն 497 հազար 600 դրամ՝ աճելով մինչև 665 հազար 600 դրամ։

Դատական իշխանության, դատախազության և ինքնավար մարմինների դեպքում ևս նախատեսվում են զգալի բարձրացումներ։

Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը 1 մլն 664 հազար դրամից կդառնա 2 մլն 412 հազար 800 դրամ՝ աճելով 748 հազար 800 դրամով։

Սահմանադրական դատարանի դատավորի աշխատավարձը 998 հազար 400 դրամից նախատեսվում է հասցնել 1 մլն 830 հազար 400 դրամի։ Աճը կկազմի 832 հազար դրամ։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը 1 մլն 331 հազար 200 դրամից նախատեսվում է հասցնել 2 մլն 163 հազար 200 դրամի։ Աճը կկազմի 832 հազար դրամ։

Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձը 1 մլն 248 հազար դրամից կդառնա 1 մլն 996 հազար 800 դրամ՝ աճելով 748 հազար 800 դրամով։

Գլխավոր դատախազի աշխատավարձը 1 մլն 248 հազար դրամից կդառնա 1 մլն 830 հազար 400 դրամ՝ աճելով 582 հազար 400 դրամով կամ 46,7 տոկոսով։

Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների նախագահների աշխատավարձը 1 մլն 206 հազար 400 դրամից նախատեսվում է հասցնել 1 մլն 830 հազար 400 դրամի։ Աճը կկազմի 624 հազար դրամ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձը 998 հազար 400 դրամից կդառնա 1 մլն 830 հազար 400 դրամ՝ աճելով 832 հազար դրամով։

Նշենք, որ այս գումարը ներառում է նաև հարկերը և այլ պարտադիր վճարները։

Հայաստանի կառավարությունը աշխատավարձերի բարձրացմամբ փորձում է զերծ մնալ միլիարդավոր դրամների պարգևավճարների շուրջ քննադատություններից։ Վերջին անգամ՝ մի քանի ամիս առաջ, պաշտոնյաների և պետական ոլորտի աշխատակիցների պարգևավճարներին հատկացվել էր 5 մլրդ դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Leave a comment