Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով դատական նիստը։
Մարտուն Գրիգորյանը մեղադրվում է ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։ Ինչպես տեղեկացրել էր նրա պաշտպան Արսեն Բաբայանը, դատարանն այսօր քննելու է նրա նկատմամբ կիրառված անօրինական կալանքի վերացման հարցը։ Մարտուն Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նա դատարան մտավ բարձր տրամադրությամբ, նրան դիմավորեցին ծափահարություններով։
Դատավարության մասնակիցներից մեկը տեսնելով նրան, բացականչեց․ «Գրիգորյան ջան, ցավդ տանիմ, մեռնիմ ջանիդ», իսկ նրա հիմնած քաղաքական ուժի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն էլ ասաց․ «Լիքը բարևներ Գյումրիից»։
«Բոլորին ջերմ բարևներ»,-ժպտալով արձագանքեց Մարտուն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորեցին Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» կուսակցության ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելուց անմիջապես հետո, երբ նա սուր ելույթ էր ունեցել Գյումրու դրամատիկականի շենքում՝ հայտարարելով, թե «Գյումրի 2» լինելու է։
Նրա փաստաբանական խումբը երեկ հայտարարություն էր տարածել՝ մասնավորապես գրելով.
«Վարույթին խոչընդոտելու հիմքի անհիմն լինելը․
Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 2026թ․ օգոստոսի 14-ին՝ քրեական վարույթի հարուցումից շուրջ 3 ամիս անց։ Կալանավորման հիմքում դրվել է վարույթին խոչընդոտելու վերացական հավանականությունը, այնինչ՝ Մարտուն Գրիգորյանն այդ ամբողջ ընթացքում տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին (ՀՀ ՔԿ հաղորդագրությունից, բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններից) և վարույթը խոչընդոտելու որևէ փորձ չի արել։ Թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և թե՛ ՀՀ դատական ատյանները բազմիցս արձանագրել են, որ տևական քննության պայմաններում խոչընդոտելու ռիսկը պետք է հիմնվի կոնկրետ փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների վրա։
Վարույթ իրականացնող մարմնի հակասական վարքագիծը․
Կալանքի միջնորդության քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարանին հայտնել էր, թե կալանավորումը պայմանավորված է դեռևս իրականացման ենթակա բազմաթիվ գործողություններով։ Մինչդեռ, Մարտուն Գրիգորյանին կալանավորելու հաջորդ իսկ օրը հայտարարվել է նախաքննության ավարտ»։
Հանրային մեղադրողը պահանջեց, որ ևս երեք ամիս երկարացվի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, որին սակայն առարկեց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը՝ միջնորդելով ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ 5 միլիոն դրամ գրավի կիրառմամբ։
Հանրային մեղադրողն ասաց, որ հակակոռուպցիոն դատարանը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ընտրել է կալանքը որպես խափանման միջոց, այժմ էլ գտնում են, որ դատարանի կողմից կայացված որոշմամբ պատճառաբանությունները շարունակում են արդիական լինել դատավարության այս փուլում։
Ըստ հանրային մեղադրողի, մտավախություն կա, որ Մարտուն Գրիգորյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել ու ազդեցություն գործել վկաների վրա, որոնք Գյումրի քաղաքի բնակիչներ են։
Նա, ըստ մեղադրողի, լինելով ԱԺ տարբեր գումարման պատգամավոր, ունի լայն սոցիալական կապեր, ու բացի խորհրդարանից, լայն գործունեություն է իրականացրել Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում․ քաղաքական գործունեությունից զատ, հասարակական գործունեություն է իրականացնում, հետևաբար և իր ազդեցությունը կարող է օգտագործել դատաքննության ընթացքում վկաների վրա՝ իր համար ոչ բարենպաստ կապերը չեզոքացնելու ուղղությամբ։
Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի պահանջը ու ևս երեք ամսով երկարացրեց նրա կալանքի ժամկետը։
Լրագրողներից մեկը դատարանի դահլիճից հեռացող Մարտուն Գրիգորյանին ասաց․ «Թեթև եք տանում, հա՞», որին նա պատասխանեց․ «Հա, բա ի՞նչ, հո ծանր չեմ տանելու»։
«Աստծով, կյանքիդ մեռնիմ», «Արդարությունն անպայման հաղթելու է»,-այսպես նրան հրաժեշտ տվեցին ընկերները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: