Բագրատ Սրբազանի և մյուսների գործով առգրավված զենքերը դատաձգաբանական փորձաքննության ենթարկած փորձագետի հարցաքննության ժամանակ այսօր Բագրատ սրբազանը խնդրեց նիստը նախագահող դատավորին կարգի հրավիրել մեղադրող դատախազներին:
Ըստ Բագրատ սրբազանի՝ երբ ինքը փորձագետից հետաքրքրվում էր՝ փորձաքննություն կատարելու համար իր օգտված գրականության`այլ տեղեկատու նյութերի ցանկում մտնո՞ւմ է Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», դատախազները կտրուկ արձագանքեցին ժեստերով:
«Ես հարց տվեցի «Վարդանանց» մասին, իհարկե, սարկազմ էր իմ ասածը, պարզապես երեք ժամ է՝ փորձում ենք պարզել՝ այլ ինչ գրականություն նկատի ունի փորձագետը, ոչինչ չի ասվում, չենք կարողանում հասկանալ: Մենք տգետ չենք ի տարբերություն ոմանց; Իմ հարցը կարող է ամենաանիմաստ հարցը լինել, մեղադրողն իրավունք չունի ձեռքով, ժեստով արձագանքել, թե այս ինչ հարց ես տալիս, տալիս եմ այն հարցը, որն ուզում եմ»,- ասաց Բագրատ սրբազանը:
Ի պատասխան՝ մեղադրող դատախազն այսպես արձագանքեց՝ ասելով, թե Բագրատ սրբազանը բարեխիղճ մոլորության մեջ է դատախազի օրինական լիազորությունների հետ կապված, քանի որ մեղադրողն իրավունք ունի ցանկացած երևույթի վերաբերյալ արտահայտել մեղադրանքի կողմի դիրքորոշումը:
Հանրային մեղադրողի այս պատասխանը զայրացրեց պատգամավոր Արթուր Սարգսյանին, նա տեղից վեր կացավ ու հանրային մեղադրողին հորդորեց այլևս այդ տոնով չխոսել սրբազանի հետ. «Բարեխիղճ մոլորության մեջ դու ես, հաջորդ անգամ չփորձես սրբազանի հետ այդ տոնով խոսել: Սրբազանի ասածն ինչ էր, բարեխիղճ մոլորություն ասելով ինչ նկատի ունես»:
Նիստը նախագահողի որոշմամբ՝ պատգամավորի միկրոֆոնն անջատեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: