«Պարզվում է՝ հայկական դեղձը հասել է Օման։ Ի՜նչ ուրախություն։ Շատ լավ է, իհարկե, միջազգային առևտրի նախարարը, համատեղությամբ նաև ԱԳ նախարարը ձեռնամուխ է եղել հայկական արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով առևտրի դիվերսիֆիկացմանը՝ Աբրահամյանն անդրադարձավ Հայաստանի և Ֆրանսիայի առևտրային հարաբերությունների մասին։
«Երբ խոսում ենք առևտրի դիվերսիֆիկացման մասին, ինչպես է ստացվում, որ մեր բարեկամ Ֆրանսիան, որի նախագահի հետ ծանոթացել էր նախկին իշխանությունների կողմից Հայաստան բերված Ֆրանկոֆոնիայի ժամանակ… Մակրոնի հետ ծանոթացավ, ջերմ շփում ունեցավ, միասին նաև պար պարեցին՝ ամրապնդելով երկրների միջև բարեկամությունը։ Այդ ո՞նց ստացվեց, որ 2018թ. Ֆրանսիա մեր արտահանումը 8.6 միլիոն էր, 2025թ.-ին՝ 6.6 միլիոն։ Այսքան գնում եք Փարիզ, հանդիպումներ եք ունենում։ Հետո այստեղ բերում եք Ինդոնեզիայի հետ համաձայնագիր։ Շատ լավ է, որ Ինդոնեզիայի հետ Հայաստանը այսուհետ ունի ազատ առևտրի հնարավորություն, բայց նայե՞լ եք՝ Ինդոնեզիայի հետ 20 անգամ առևտուրը իջել է»,-ասաց նա։
Աբրահամյանը քննադատեց միջազգային առևտրի նախարարության հայտարարությունները՝ նշելով, որ դրանք պետք է ուղեկցվեն կոնկրետ թվային տվյալներով։
«Միջազգային առևտրի նախարարությունը չպետք է նման անպատասխանատու հայտարարություններ անի, պետք է թվով ներկայացնի։ Ես հորդորում եմ՝ մյուս անգամ այստեղ պոպուլիստական հայտարարություններ չանել»,- նշեց պատգամավորը։
Նա անդրադարձավ նաև արտաքին գործերի նախարարության գործունեությանը՝ հիշատակելով Մատենադարանի տնօրենի կողմից Ադրբեջանից հնչած հայտարարություններին տրված մասնագիտական գնահատականը։
«Ես հեգնանքով ասում եմ՝ ԱԳ նախարարի պարտականությունները Մատենադարանի տնօրենն է անում, բայց նախարարը հաջորդ օրը խոսում է և ասում, որ Մատենադարանը պատասխանել է։ Մատենադարանը չի կարող քաղաքական գնահատական տալ՝ Ադրբեջանից հնչած հայտարարություններին, դա մասնագիտական գնահատական էր»,-ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ առևտրային հարաբերությունների վերաբերյալ կարող է հանդես գալ ոչ թե կառավարությունը, այլ որևէ գործարանի տնօրեն։
«Նույն հաջողությամբ առևտրի հետ հարաբերություններում կարող է Կառավարությունը չխոսի, գործարաններից մեկի տնօրենը խոսի։ Եկեք Արտաքին Գործերի և Միջազգային առևտրի նախարարության առաջին երկու բառը հանենք, մնա միայն Միջազգային առևտրի նախարարություն։ ԱԳՆ այս երկրում էլ չկա»,-հայտարարեց նա։
ԱԺ ամբիոնից Աբրահամյանը խոսեց նաև դպրոցների փակման վերաբերյալ կառավարության մոտեցումների մասին։ Նա նշեց, որ սկզբում իշխանության ներկայացուցիչները պահանջում են ներկայացնել այն դպրոցների ցանկը, որոնք փակվում են, իսկ հաջորդ օրը հայտարարում են, որ մի քանի վայրերում դպրոցներ փակվել են, և երեխաներին հարևան համայնքի դպրոց տեղափոխելու համար ավտոբուսներ են տրամադրվել։
«Խոսելով դպրոցների մասին՝ ասում եք՝ ցուցակ ներկայացրեք, որտեղ է այդ ամենը գրված, թե որ դպրոցներն են փակվում։ Հաջորդ օրը գալիս եք, ասում՝ հա, մի քանի տեղ դպրոցները փակել ենք, երեխաներին ավտոբուս ենք տրամադրել։ Բա չստացվե՞ց, որ դպրոց եք փակել։ Ավտոբուսով գնում են հարևան համայնքի դպրոց։ Եթե այդպես է՝ ընդունեք, որ փակում եք»,— ասաց նա։
Աբրահամյանը պնդեց, որ ԿԳՄՍ օրենքում ձևակերպումներն այնպես են արված, որ քաղաքացին չհասկանա՝ դպրոց է փակվում։
«Շուրջ 230 դպրոց փակվում է, իսկ դպրոցը միայն աշակերտներ չեն։ Մարզերում աղքատություն է՝ Շիրակի մարզում 43%, Տավուշի մարզում 39.9%,… Կառավարության ղեկավարը ասում է՝ դե կրթությունը լավը չէ, 19-20 տարի հետո կարող է լավը դառնա։ Այդ ժամանակ, որ կրթությունը լավը լինի, աղքատության հարցը կլուծենք»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ դպրոցների փակման հետևանքով խնդիրը միայն աշակերտների տեղափոխությունը չէ, քանի որ դպրոցները նաև աշխատատեղեր են ապահովում մարզերում։
«Չեք ասում, որ դպրոց փակելով նաև աշխատատեղ եք փակում։ Այս որոշման արդյունքում դպրոցում աշխատողները առանց աշխատանք են մնում։ Շինարարության ոլորտը կայուն աշխատատեղ չի։ Ասֆալտը արեցին այդ գյուղում, եթե որակով են արել, բազմաթիվ համայնքների պես չէ, որ ասֆալտը արեցին, երկու տարի հետո էլի պետք է անեն։ Եթե նորմալ ասֆալտ են անում, այդտեղ 20 տարի պիտի տեխնիկա չմտնի, բա այդտեղ ապրող ժողովուրդը ո՞ւր գնա աշխատի»,- ասաց Աբրահամյանը։
«Մեր ժողովրդին դուք դատապարտում եք աղքատության»,- դիմելով Կառավարությանը՝ ասաց Աբրահամյանը։