«Հորս կալանավորելով` փորձում է հաճոյանալ Ալիևին»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Հորս մասով առանձնահատուկ Նիկոլ Փաշինյանը սրանով փորձում է հաճոյանալ նաև Ադրբեջանի նախագահին, որովհետև Արցախի Հանրապետության բոլոր նախագահները, փաստորեն, այսօր բանտում են՝ երեքը Ադրբեջանում, մեկը՝ ՀՀ-ում»,- անդրադառնալով իր հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը,  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու հետապնդումը քաղաքական է․ «Երկրորդ կարծիք լինել չի կարող, ինչքան էլ փորձեն դրան իրավական բացատրություններ տալ։ Եթե նայում ենք գործողություների շղթային՝ նաև ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդների նկատմամբ, տեսնում ենք՝ սա պատահականություն չէ։ Իրեն պոտենցիալ ընդդիմադիր ամենախոշոր ուժերի առաջնորդներին փորձում է թուլացնել այս ձևով։ Սրա նպատակները տարբեր են, որ հերթական զիջումներին ազդեցությունն ավելի քիչ լինի, Սահմանադրություն փոխելու հետ կապված դիմադրությունն ավելի քիչ լինի»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումներին, թե իր հոր և եղբոր մասին խոսելն ԱԺ ամբիոնից շահերի բախում է, քանի որ անձնական հարցերի մասին է խոսում, Լևոն Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Բոլորդ ականատես եք լինում ԱԺ նիստերին, մնացած հայտարարությունների ժամանակ, որ այդպիսի օր չկա՝ իրենք գան ամբիոնի մոտ և Քոչարյանի անունը չտան։ Երբ գալիս, անընդհատ նույն բաները խոսում, նույն ստերը կրկնում են, սրանց ոչ միշտ, բայց մերթընդմերթ արձագանքում ենք։ Ու եթե հայրս ապօրինի քաղաքական հետապնդման է ենթարկվում, որը մեր դաշինքի առաջնորդն է, և ես դրա մասին բարձրաձայնում եմ, դա բացարձակ անձնական հարց չէ։ Անհեթեթություն է, մարդկանց աներեսության աստիճանն է։ Ինքը գալիս, անընդհատ ասում է՝ Քոչարյան, իրեն պատասխանում ես՝ ասում է ես քո անձնական շահերից ինչո՞ւ պետք է խոսեմ։ Ասում է՝ շահերի բախում, բայց ինչո՞վ է շահերի բախում։ Երբ իրեն այդ հարցը տալիս եմ ժողովրդավարության հետ կապված, պատասխան չեմ ստանում։ Ժողովրդավարության հետ կապված ինչքանո՞վ չկա շահերի բախում, երբ երկրի փաստացի ղեկավարն իր քաղաքական հիմնական ընդդիմադիրներին բանտերն է նստեցնում։ Այն գործերով, որոնք նախաքննական փուլում են, ինքն ասում է՝ իրենք պետք է նստեն, իրենցից պետք է խլվի։ Սա ժողովրդավարության հետ ինչքանո՞վ առնչություն ունի»։

Լևոն Քոչարյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment