Արցախցիներն ԱԺ-ի դիմաց կարգավիճակ են պահանջում (PAN.am)

Արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով հստակեցնել իրենց կարգավիճակը և խորհրդարանում լսումներ կազմակերպել։

«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արցախցիների դարավոր ժառանգությունն արդեն միջազգային հանրությանը ներկայացնում է որպես աղվանական, մինչդեռ Հայաստանում արցախցիներին անգամ կարգավիճակ չի տրվել, հայտնում է Sputnik Արմենիան:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում կազմակերպել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, նշանակել օրենքով նախատեսված խորհրդարանական լսումներ, ինչպես նաև հստակ լուծումներ առաջարկել բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակի, սոցիալական խնդիրների և բնակապահովման ծրագրի վերաբերյալ։

«Մենք ստիպված ենք գնալ այս քայլին։ Այսօր արցախցիները կարգավիճակ չունեն, մեզ անվանում են ԼՂ–ից տեղահանված ժողովուրդ, բայց չեն ասում՝ ինչի՞ց տեղահանված, ջրհեղեղի՞ց տեղահանված, երկրաշարժի՞ց տեղահանված։ Մենք հստակ պահանջում ենք մեր կարգավիճակն ամրապնդել անունով` բռնի տեղահանված, ցեղասպանությունից փրկված, այդ իրավիճակի զոհ դարձած։ Մեր կարգավիճակը օրենքին համապատասխան հստակ անուն պետք է ունենա»,–հայտարարել է «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են ԱԺ-ում նշանակել օրենքով նախատեսված խորհրդարանական լսումներ և հրավիրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի հնարավորություն ունենան նրանց հստակ ներկայացնելու իրենց պահանջները։

Իսրայելյանի խոսքով՝ անհրաժեշտ է սոցիալական ծրագրերում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որպեսզի արցախցիները ստիպված չլինեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ բողոքի ակցիաների միջոցով բարձրաձայնել իրենց խնդիրները։

«Մենք պահանջում ենք, որ Արցախում հիմնված ինչ–ինչ կազմակերպությունների սառեցված փողերը բերեն ու արցախցիների բնակարանային հարցերը լուծեն 1-2 տարում»,–ասել է նա։

Անդրադառնալով արցախցիների սոցիալական խնդիրներին՝ ՀԿ ղեկավարը նշել է, որ արդեն երեք տարի է՝ մարդիկ չեն կարողացել լուծել իրենց բնակարանային հարցերը։

«Ոչ թե ինչ-որ ակցիայից առաջ պիտի ծրագրեր երկարացնեք, այլ երկարաժամկետ լուծումներ տվեք այս մարդկանց հարցերին, որ ամեն ամիս դուրս չգանք բողոքի։ Փաշինյանը ասում է՝ 800 մլրդ ենք հատկացրել այդ հարցերի լուծման համար։ Մենք էլ կարող ենք հակառակն ասել՝ մուննաթով մի ասեք դա։ Մարդիկ 100 հազարավոր դոլար արժողությամբ գույքեր են թողել Արցախում, փոխհատուցում տվեք, մեզ այդ 800 միլիարդը պետք չէ։ Այդ պարագայում մենք կմնանք մայր Հայաստանում, բնակարան կունենանք և միասին կշենացնենք Հայաստանը»,- մանրամասնել է նա։

Ավելի ուշ Իսկանդարյանը մոտեցել է ԱԺ-ի հսկիչ-անցագրային կետին և խնդրել հանդիպում կազմակերպել Ազգային ժողովի երեք խմբակցությունների ղեկավարների հետ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a comment