25 մլրդ դրամ հավելյալ գումար՝ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման համար․ օրենքը կգործի 2027-ից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին։

Ըստ այդմ՝ նախատեսվում է բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատակիցների վարձատրության չափը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ սա ուղղված է հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանը և մրցունակ հանրային ծառայության ապահովմանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ հանրային ծառայությունը պետք է լինի արհեստավարժ մարդկանց աշխատանքի համար մրցունակ եւ գրավիչ միջավայր։ Պետք է սահմանված լինեն տրված խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքները չափելու հստակ մեխանիզմներ։ Արձանագրված արդյունքները պետք է արժանանան համարժեք վարձատրության։ Նաեւ նշվեց, որ պետական համակարգի աշխատակիցների կրթությունը պետք է լինի շարունակական՝ փոփոխվող պահանջներին համապատասխան։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է, որ այս օրենսդրական փաթեթը գործողության մեջ կդրվի 2027 թվականի հունվարի մեկից եւ այն իրացնելու համար 2026 թվականի համեմատ պետական բյուջեից տարեկան կհատկացվեն 25 մլրդ դրամով ավելի միջոցներ։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս բարեփոխումներով մենք ռազմավարական նշանակության խնդիր ենք լուծում։ Դա կձեւակերպեմ այսպես՝ պետության եւ պետական համակարգի ուժեղացում։ Այս բարեփոխումը չանել, նշանակում է ՀՀ-ն դատապարտել տեղապտույտի վիճակի»։

Նա հիշեցրեց, որ 2025 թվականին պաշտոնյաների վարձատրության համակարգի պիլոտային ծրագիր էր ներդրվել։ Ըստ Փաշինյանի՝ իրականացված մի շարք ծրագրերի արդյունավետությունը կապվում է հենց այս պիլոտային ծրագրերի հետ։

«Ամենեւին երկրորդական չեմ համարում այս նախագծի երկրորդական նշանակությունը։ Մենք շատ հաճախ գործում ենք կեղծիքի միջավայրում, որովհետեւ երբ անընդհատ օդում կախված է լինում հարցը՝ բա այս պաշտոնյան ո՞նց է ապրում, ո՞նց է կոստյում առնում, ո՞նց է ժամացույց առնում, մենք դրա նեգատիվ ազդեցությունը մեր պետության համար չենք գնահատում երբեք։ Իսկ սա շատ նեգատիվ ազդեցություն է ունենում։ Եվ ես ասում եմ՝ տեղական ինքնակառավարման մակարդակում այս խնդիրը չլուծելը բառի բուն իմաստով բերելու է աղետների»,- հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ սա չափազանց ֆունդամենտալ բարեփոխում է, այն շատ վաղուց էր հասունացել։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության հարցի շուրջ երկար քննարկում տեղի ունեցավ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment