Մեղրիի գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից հետո առաջիկա ՏԻՄ ընտրություններում հնարավոր թեկնածուները սկսել են հրաժարվել առաջադրվելուց, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով համայնքի բնակիչներին։
Նրանց թվում, ըստ թերթի, ՔՊ-ից առաջադրվելու համար դիտարկվել է նաև Վարդան Հայրապետյանի թեկնածությունը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրեասյանի կալանավորումից հաջորդ օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մեղրիում ավագանու անդամների մասնակցությամբ նիստ է հրավիրել և հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է անհապաղ նոր թեկնածու գտնել համայնքապետի պաշտոնի համար։
ՔՊ-ի հնարավոր թեկնածուների շարքում այժմ շրջանառվում է մոտ 40-ամյա գործարար Սերգեյ Գալստյանի անունը։ Մեղրիի մի քանի բնակիչներ թերթին հայտնել են, որ մյուս թեկնածուների հրաժարվելը կարող է ճանապարհ բացել նրա առաջադրման համար։
Անդրեասյանը կալանավորվել էր սեպտեմբերի 10-ին՝ առանց համապատասխան թույլտվության ընդերքն ու բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև այդ նպատակով կաշառք տալու և ստանալու մեղադրանքով։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել էր ևս յոթ անձ, այդ թվում՝ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։ Նրանցից վեցը կալանավորվել էին։
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ՏԻՄ ընտրություններում թեկնածություն առաջադրել պատրաստվող ընդդիմադիր գործիչների վրա իշխանությունների դրդմամբ ոստիկանությունից ու հարկային մարմիններից մինչև հասարակ քաղաքացիներ ճնշում են գործադրում ու համոզում հետ կանգնել առաջադրվելու մտքից։