Ըստ հիմնավորման՝ համաձայնագրերի կնքումը կնպաստի քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուանդայի, ինչպես նաև Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզայի պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Որոշումներն ընդունվեցին կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշենք, որ Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2007 թվականի օգոստոսի 2-ին՝ ՄԱԿ-ում երկու երկրների դեսպանների կողմից համապատասխան արձանագրության ստորագրմամբ։ Իսկ Հայաստանի և Ռուանդայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2004 թվականի մարտի 29-ին:
Հավելենք, որ Հայաստանի և Ռուանդայի միջև տնտեսական կապերը ներկայումս գտնվում են զարգացման սկզբնական փուլում և ունեն փոքր ծավալներ, սակայն վերջին տարիներին երկու երկրներն ակտիվորեն աշխատում են դրանք ընդլայնելու ուղղությամբ։ 2026 թվականի օգոստոսին Կիգալիում տեղի են ունեցել երկու երկրների ԱԳՆ–ների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները, ինչը նոր թափ է հաղորդել երկկողմ հարաբերություններին։