Նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ ԱԳՆ–ն եղել են «նահատակվելու նախարարություն», իսկ հիմա Հայաստանը «նահատակվելու քաղաքականությունից» անցում է կատարում «ապրելու քաղաքականություն»։ Այս մտքի հեղինակը Հայաստանի «ապրելու քաղաքականություն» վարող նախարար Արարատ Միրզոյանն է։
Պարզվում է, որ երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ապահովում էր Հայաստանի արժանապատիվ սուբյեկտություն Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ ռեգիոնին առնչվող գործընթացներում, պաշտպանելով Հայաստանի իրավունքներն ու ինքնությունը, եւ հավաքական իմաստով՝ արժանապատվությունը, դա՝ «նահատակություն» էր, իսկ երբ Հայաստանն անձնատուր է լինում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատկերացումներին, դրանց հետ Հայաստանի հաշվին պայմանավորվածություններ կնքող աշխարհաքաղաքական կենտրոնների պատկերացումներին, դա՝ «ապրել» է։
Ընդ որում, որպես «ապրելու քաղաքականության» օրինակ Արարատ Միրզոյանը ներկայացնում է դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հայկական դեղձն Օման արտահանելը։ Ինչ խոսք, պետական մեծ ձեռքբերում է։ Ըստ ամենայնի, եթե հաջողվի դեղձից բացի Օման արտահանել նաեւ սալոր կամ ձմերուկ, ապա Միրզոյանը կարող է հայտարարել, որ «նահատակվող պետությունից» Հայաստանը վերածել են «ապրող գերտերության»։
44–օրյա պատերազմի առաջին ժամերին եւ օրերին, այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Միրզոյանը հրապարակել էր վարչապետ Փաշինյանի նկարն ու «խորհուրդ» էր տալիս «չշշկռվել» գերագույն գլխավոր հրամանատարի հարցում։ Այդ պատերազմի հետեւանքով Հայաստանը՝ ներառյալ Արցախը, պաշտոնական տվյալով ունի գրեթե 4 հազար զոհ։ Հետագա 3 տարիներին եղավ եւս մի քանի հարյուր զոհ։ Պարզվում է, մի ամբողջ սերնդի նահատակելը՝ «ապրելու քաղաքականության», ադրբեջանական բենզինը Հայաստան բերելու եւ հայկական դեղձն Օման արտահանելու դիվանագիտական նվաճման համար էր։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: