«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԽՔ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ դրվագ է պատմել Մոսկվայում տեղի ունեցած մի միջադեպից՝ հայտարարելով, որ Հայկ Սարգսյանի հետ եկած քրեական հեղինակությունը հյուրանոցում կոնֆլիկտի ժամանակ բռնել և քաշել է իր թևից։ Սիմոնյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ ինքը եղել է նաև այլ պատգամավորների հետ։ Նրա խոսքով՝ Հայկ Սարգսյանն իրեն հարցրել է՝ կարո՞ղ է իրենց միանալ իր ընտանիքի, հայրիկի ընկերը, ինչից հետո ներս է մտել մի անձ, ում Սիմոնյանը, իր պնդմամբ, այդ պահին չի ճանաչել։ Հետագայում, ըստ Սիմոնյանի, պարզվել է, որ նա «շատ հայտնի քրեական հեղինակություն» է։
Սակայն Սիմոնյանը մինչև վերջ պահեց ինտրիգը՝ չհրապարակելով այն անձի անունը, որը, իր իսկ ձևակերպմամբ, համարձակվել էր բռնել անկախ երկրի ԱԺ նախագահի թևից։ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել միջադեպի որոշ մանրամասներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը մոսկվայաբնակ Նորիկ Թևանյանի մասին է, որը հայտնի է նաև «Ախալքալակցի Նորո» անունով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցի նախասրահում։ Այնտեղ նստած Ալեն Սիմոնյանին մոտեցել է Հայկ Սարգսյանը՝ Նորիկ Թևանյանի հետ։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ սկզբում կողմերը սովորական զրույց են ունեցել, շփվել տարբեր հարցերի շուրջ, և որևէ լարվածություն չի եղել։
Իրավիճակը փոխվել է ավելի ուշ։ Մեր տեղեկություններով՝ զրույցի ընթացքում Թևանյանը փորձել է վիրավորական բառերով բնութագրել Ալեն Սիմոնյանի զոքանչին։ Սիմոնյանը վրդովվել է և պահանջել չվիրավորել իր ընտանիքի անդամին։ Հենց այստեղից էլ սկսվել է կոնֆլիկտը, որի ընթացքում, ինչպես արդեն հրապարակայնորեն պատմել է Սիմոնյանը, տղամարդը բռնել է նրա թևից։ Միջադեպը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, հարթվել է ներկաների միջամտությամբ։
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. Ալեն Սիմոնյանը միայն հիմա է հրապարակայնորեն պատմում 2021 թ. տեղի ունեցած այս միջադեպի մասին։ Մինչ այս պատմությունը հանրայնացված չէր, Սիմոնյանը կատարվածի մանրամասները չէր տարածել նաև իր թիմակիցների և շրջապատի լայն շրջանակում։
Տեղեկացնենք, որ Նորիկ Թևանյանը երկար տարիներ բնակվում է Մոսկվայում, բիզնես գործունեություն է ծավալում և հայտնի է հատկապես ճանապարհաշինության ու ասֆալտապատման ոլորտում գործունեությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են նաև, որ տարիների ընթացքում նրա հետ շփումներ են ունեցել Հայաստանից Մոսկվա մեկնած տարբեր պաշտոնյաներ ու գործիչներ։
Ուստի Ալեն Սիմոնյանի հետ նրա հանդիպումն ինքնին արտառոց չի եղել։ Արտառոցը հանդիպման ավարտն էր՝ հնչած խոսքերից սկսված վեճով և ԱԺ այն ժամանակվա նախագահի թևից բռնելու անպատվաբեր միջադեպով։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ Ալեն Սիմոնյանը չի թքել Թևանյանի վրա, ոչ էլ հրահանգել է թիկնազորին՝ ոլորել նրա ձեռքերը։
Այժմ, երբ Սիմոնյանն ինքն է որոշել տարիներ անց բացել այս պատմության փակագծերը, շարունակում է անպատասխան մնալ հարցը՝ ինչո՞ւ նա այդ ժամանակ լռեց կատարվածի մասին և ինչո՞ւ հենց հիմա որոշեց այն հրապարակայնացնել»։
«Փաստ» օրաթերթը գրել է.
Արցախն ուրացած, բազմահազարամյա հայաբնակ ու հայաբնիկ Արցախը թշնամուն հանձնած ու հայաթափության հանգեցրած փաշինյանական իշխանությունը հերթական անգամ թիրախավորել է ՀՅ Դաշնակցությանը: Հարցը միայն այն չէ, որ նախօրեին ՔՊ խմբակցության ներկայացուցիչներից մեկը (կրկնենք՝ բոլորը նույնն են) հայտարարեց, թե՝ «Դաշնակցականությունը պետք է մինչև արմատներն արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից»:
Այն, որ տեղի ունեցածն ամենևին էլ առանձին քպականի անհատական բռնկում չէր, ապացուցվեց շատ արագ: Քպական ծափահարությունները շարունակություն ստացան. իշխանությունների քարոզչական «աթսները» անցան համակարգված գրոհի՝ թիրախավորելով հայկական ամենաերկարակյաց կուսակցությանը: Մակարդակի մասին չխոսենք, դա ավելորդ շռայլություն կլինի: Ըստ այդմ, առավել ակնհայտ դարձավ, ՀՅԴ-ի թիրախավորումը պատահականություն չէ, առավել ևս՝ մեկ անձի նախաձեռնություն չէ (դա ՔՊ-ի դեպքում բացառվում է): Սա օրինաչափ է՝ հաշվի առնելով ամենայն ազգայինի դեմ իշխող կուսակցության ծավալած ագրեսիվ պայքարը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ բացահայտ պատերազմը: Այդ համատեքստում ՀՅ Դաշնակցությունը, որ նաև ցանցային, համահայկական կառույց է, որ ազգային հիմքերի ու նպատակների վրա է գաղափարապես խարսխված, որ ազգային ինքնության, նաև երկրի պաշտպանության հարցերում մշտապես առաջին ճակատում է եղել ու կա, չէր կարող չթիրախավորվել այս իշխանության կողմից:
Հարցը, ճիշտ հասկանանք, Դաշնակցությանը ՔՊ-ի հարձակումներից պաշտպանելը չէ: Հազիվ թե այս կուսակցությունը պաշտպանության կարիք ունի: Առավել խորքային խնդիրներ կան, որոնք շատ մտահոգիչ են: Նախ՝ իշխող քաղաքական ուժն իրեն թույլ է տալիս, ինչպես ընդդիմադիր պատգամավորներն ու այլ քաղաքական գործիչներ նկատեցին, ֆաշիստական բնույթի հայտարարություններ, ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեությունն արգելելու (արմատախիլ անելու) անթաքույց սպառնալիքներ, անում է ներհասարակական ատելություն և անհանդուրժողականություն քարոզող արտահայտություններ (դե, այս վերջինը նորություն չէ):
Հա, ի դեպ, նույն քպականը ՀՅԴ մասին խոսելիս օգտագործեց «աղետաբեր», «կոնֆլիկտածին» բառերը: Չէ, լո՞ւրջ: Ախր, ո՞վ, այդ ո՞ր ուժի ներկայացուցիչն է խոսում նման բաներից: Անընդհատ, ամենօրյա ռեժիմով աղետ բերած ու բերող, «Եռաբլուրը» բազմապատկած, մեր զոհերին «պյուսմինուսով» հաշվող, Արցախը բեռ համարող, պարտությամբ հպարտացող քաղպայմանագրայիննե՞րը: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ քպականները հայելու առջև կանգնում են ու նոր ընդդիմության մասին խոսում: Երեկվա օրն էլ, ի դեպ, դա հավելյալ անգամ ապացուցեց: