«Չենք նահանջելու․ ամեն ինչ ձեր երեսին ասելու ենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փնտրում է Քոչարյաններին տեղեկատվության արտահոսք տվողին, ինչպես Փաշինյանն էր ասել՝ արտահոսք տվողներին իրավապահ համակարգում «խլուրդ» են անվանում, այս առիթով Լևոն Քոչարյանը նշեց․ «Եթե երկրի ղեկավարը դատարանում քննվող գործի հետ կապված, նախաքննության ընթացքում գտնվող գործի հետ կապված խախտում է անմեղության կանխավարկած, խոսում, թե ինչ պետք է լինի դրա արդյունքը, սրանով ժողովրդավարության հերն եք անիծում, դատական իշխանության անջատ լինելը ևս։ Հետո նաև այս խուզարկությունների, կալանքի շրջանակում ասում էիք՝ ըստ Ձեզ եղել է խլուրդ, ով ինֆորմացիա է տվել։ Գաղտնիք բացեմ՝ Ձեր ասածի համատեքստում այդ խլուրդը Դուք եք, քանի որ Ձեզնից է այդ տեղեկությունը եկել, Ձեր հայտարարություններից է դա եղել։ Ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դուք ասում եք՝ ինչ էլ լինի, չեք նահանջելու, իրականում ՀՀ-ում մեր դեմ կա մեղադրանք, որ մենք ամեն ինչ անում ենք, որ ձեր ընտանիքը մնա քաղաքականության մեջ, քանի որ դա ամենաշատը ձեռնտու է մեզ, որովհետև դա հեշտ կոնֆիգուրացիա է մեզ համար։ Նկատի ունեմ՝ այստեղ էլ տրամաբանական հակադրություն կա։ Խոսում եք ժողովրդավարության կանոններից․ պետք է մի բան ասեմ, որ արդեն որերորդ հարցն է, Ձեզ հետ կապված հարց եք բարձրացնում, դա շահերի բախում է։ Եթե որոշում ենք, որ ուզում ենք ստանդարտներով մոտենանք հարցին՝ Դուք, շահերի բախում ունենալով, գալիս, երկրի խորհրդարանում Ձեր ընտանեկան հարցերն եք բարձրացնում։ ՀՀ-ում բոլոր կալանավորված անձինք էլ կարող են եղբայր ունենալ, հայր են, դա ի՞նչ կապ ունի»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: