Քաղաքականություն
16.09.2026 | 20:51
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի (պետական դավաճանության, իշխանությունը բռնի կերպով զավթելուն ուղղված գործողությունների և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացման մեղադրանքներով) նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Ադրբեջանի առավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցների տվյալներով՝ գործը կքննվի դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ։ Առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 21-ին։
Մեհդիևը մեղադրվում է դավաճանության, հեղաշրջման, իշխանության բռնի զավթմանն ուղղված գործողությունների, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման և կաշառակերության մեջ։
Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Հոկտեմբերի 14-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ կիրառել է չորսամսյա տնային կալանք։ Մեհդիևի տնային կալանքի ժամկետը հետագայում մի քանի անգամ երկարաձգվել է։
Նշենք, որ նույն գործով ձերբակալվել են Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և կուսակցության քարտուղար Մամեդ Իբրահիմը։ Նրանք հերքում են մեղադրանքները և պնդում, որ ձերբակալվել են իշխանությունների հրամանով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետանվտանգության ծառայության կողմից Ադրբեջանի անվտանգության, ազգային շահերի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից սադրիչ և ապակառուցողական գործողությունները կանխելու համար ձեռնարկված համապարփակ միջոցառումների արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ, որ Ռամիզ Մեհդիևը, Աբբաս Աբբասովը, Ալի Քերիմլին և ուրիշներ կատարել են իշխանության բռնի զավթման և պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխությանն ուղղված գործողություններ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի