Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»

Քաղաքականություն

16.09.2026 | 20:59

Արցախում հայկական ժառանգության ոչնչացմամբ զբաղվող Բաքուն շարունակում է նաև հայկական կոթողների պատմության նենգափոխման համակարգված գործընթացը։ Հիմա էլ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը սոցցանցերում գրել է Արաբական մեդիաֆորումի ժամանակ իր ելույթի մասին ու կրկին Արցախում աղվանական կոթողների Բաքվի կեղծ նարատիվը առաջ մղել։

«Արաբական մեդիաֆորումում խոսեցի Կովկասյան Աղվանքի (Ալբանիայի) հնագույն թագավորության և նրա հարուստ քրիստոնեական ժառանգության մասին, որի պահպանված և հատկապես նշանակալի հետքը կարելի է տեսնել Ղարաբաղում և Ադրբեջանի այլ հատվածներում։ Ես ընդգծեցի Ադրբեջանի բազմամշակութայնության և կրոնական համակեցության դարավոր ավանդույթը, ինչպես նաև մեր երկրի հանձնառությունը՝ պաշտպանելու, պահպանելու և վերականգնելու իր հարուստ մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ անկախ դրա ծագումից կամ դավանանքից»,- գրել է Հաջիևը։

Նա նաև հայտարարել է, թե անդրադարձել է, իբր, «օկուպացիայի տարիներին Ադրբեջանի կրոնական և մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացմանը, պղծմանը և փոփոխությանը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։ Հաջիևը նշել էր, թե Գանձասարը հիմնադրել է 13-րդ դարում Կովկասյան Աղվանքի կառավարիչ Հասան-Ջալալը և  «օկուպացիայի տարիներին այդ հուշարձանները ենթարկվել են արտաքին միջամտությունների՝ կեղծ «վերականգնման» քողի ներքո, ինչը խաթարել է դրանց ճարտարապետական ​​իսկությունն ու սկզբնական կերպարը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment