Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը բարձրացրեց վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի, փողոցների փակման և դրա հետևանքով առաջացող երթևեկության կաթվածահար վիճակի խնդիրը՝ հիշատակելով նաև Սևանի ավազանում վերջերս անցկացված հեծանվավազքի պատճառով առաջացած դժգոհությունները։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն աշխատանքի է գնում վաղ առավոտյան, իսկ հեծանիվ քշում է առավոտյան ժամը 5:15-ին, երբ քաղաքում և միջպետական ճանապարհներին մեքենաներ գրեթե չկան։ Փաշինյանը նշեց, որ Սևանում անցկացվել է միջազգային մրցաշար, և անվտանգության ծառայություններն իրականացրել են իրենց գործառույթները։
Ապա վարչապետը էմոցիոնալ հակադարձեց ընդդիմությանը․
«Ձեր ուզածն այն է, որ այստեղ լինի «Նիժնի Տապռիի» գեղի ռեժիմ, որտեղ դուք մենակ ձեր «Մայբախ»-ները քշեք՝ ոնց ուզեք։ Չե՛ք քշելու՝ ոնց ուզեք, հատկապես դո՛ւք չեք քշելու։ Քշելու եք՝ ոնց ասենք, քայլելու եք՝ ոնց ասենք։ Ոնց ասում ենք, այդպես էլ քայլում եք, և այդպես էլ շարունակելու եք»։
Պատգամավորն իր արձագանքում նշեց, որ իրենք քշելու և քայլելու են բացառապես օրենքի սահմաններում, և վարչապետին կոչ արեց չնյարդայնանալ։
Եզրափակելով՝ Փաշինյանը պնդեց, որ Երևանի խցանումները պայմանավորված չեն իր ավտոշարասյան տեղաշարժով։
«Խցանում կա այն պատճառով, որ Հայաստանի քաղաքացիները տասնյակ հազարներով փող ունեն, մեքենա են գնում և դուրս գալիս փողոց։ Այն մի ժամանակ էր, որ մեքենա ունենալու հնարավորություն միայն դուք ունեիք, հիմա բոլորն ունեն այդ հնարավորությունը»,- պնդեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան