ԱՄՆ ներկայացուցիչները Օմանում ամերիկյան դեսպանատանը հանդիպում են ունեցել եմենական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել անցյալ հանգստյան օրերին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հինգ աղբյուրների։
Գործակալության տվյալներով՝ հութիներն ամերիկյան կողմին հավաստիացրել են, որ մտադիր չեն գրոհել ԱՄՆ նավերը և շարունակում են հավատարիմ մնալ Վաշինգտոնի հետ 2025 թվականին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին։
Reuters-ի երեք աղբյուր հայտնել են, որ հանդիպումը կայացել է կիրակի օրը։ Բանակցությունների կազմակերպմանը մասնակցել է Օմանը, որը որպես միջնորդ է հանդես գալիս տարածաշրջանային հակամարտություններում։
Աղբյուրների տվյալներով՝ հութիների պատվիրակությունը ներկայացրել են շարժման բարձրաստիճան անդամներ Մոհամմադ Աբդուսսալամը, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է, և Աբդելմալիկ ալ-Աջիրին։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են դեսպանատան աշխատակիցները։
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես չի հաստատել հանդիպման անցկացումը։ Գերատեսչության ներկայացուցիչը Reuters-ին հայտարարել է, որ Վաշինգտոնի առանցքային շահերն են Կարմիր ծովում նավարկության ազատության ապահովումը և Մերձավոր Արևելքից ահաբեկչության տարածման կանխումը։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է բավարարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի խնդրանքը Եմենում հութիների ուղղությամբ հարվածներ հասցնելու վերաբերյալ։ Սեպտոմբերի 14–ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է հութիների հետ Վաշինգտոնի ուղիղ շփումների մասին՝ Կարմիր ծովի շրջանում նրանց առաջխաղացման ֆոնին։
Իրադրությունը Եմենում կտրուկ սրվել է հուլիսի կեսերին՝ կառավարամետ ուժերի կողմից Սանայի օդանավակայանին հասցված հարվածից հետո՝ հութիների ղեկավարության պատվիրակության ինքնաթիռի վայրէջքի պահին։ «Անսար Ալլահը» տեղի ունեցածի համար մեղադրել է Սաուդյան Արաբիային և պատերազմ է հայտարարել նրան՝ մինչև շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքներից շրջափակման վերացումը։
Վերջին շաբաթվա ընթացքում հութիները նշանակալի չափով առաջ են ընթացել Եմենի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ վերահսկողության տակ վերցնելով Կարմիր ծովի ափամերձ հատվածները և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում գտնվող մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ ռազմավարական կարևորություն ունեցող Էլ-Մոխա նավահանգիստը։