Քաղաքականություն
16.09.2026 | 18:00
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ խնդրելով մանրամասնել նախարարության անվանման մեջ «միջազգային առևտուր» բաղադրիչն ավելացնելու իմաստն ու նպատակը:
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դա ոչ միայն անվանափոխություն է, այլև հայեցակարգային ու արժեքային խորքային փոփոխություն: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում արտաքին քաղաքականությունն առաջին հերթին սպասարկում է պետության տնտեսական շահերը, ինչն ապահովում է նաև անվտանգություն և փոխկախվածություն:
«Մեր արտաքին քաղաքականությունը եղել է հակամարտության և ցեղասպանության ճանաչմանն ուղղված: Դա եղել է հանուն վեհ նպատակների նահատակվելու արտաքին քաղաքականություն: Մենք առաջարկում ենք այժմ ունենալ ապրելու և այդ կյանքն ավելի ապահով ու անվտանգ դարձնելու արտաքին քաղաքականություն»,- ընդգծեց նախարարը:
Միրզոյանը հավելեց, որ Հայաստանը զբաղվում է շուկաների դիվերսիֆիկացիայով, և աշխարհը չի սահմանափակվում միայն Ռուսաստանով կամ ԵՄ-ով. որպես օրինակ նա նշեց, որ հայկական դեղձն արդեն հասել է անգամ Օմանի վաճառասեղաններ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան