«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի՝ հայկական լինելու փաստի խեղաթյուրումը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեց մոտենալ ամբիոնին և հայտարարել, որ Գանձասարը հայկական է։
«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում առավել ևս հիշատակված վանական համալիրի ծագումնաբանություն, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին, և Հայաստանի Հանրապետությունը այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել Գանձասարի հայկական ծագումը: Ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը, բայց նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք Ադրբեջանին, որովհետև դա անիմաստ և անիրագործելի խնդիր է, բայց դա մեզ համար որևէ բան չի փոխում, չի փոխել և չի փոխելու։ Մենք պետք է հարցերը հստակ տարանջատենք։
Մենք ասել ենք և ասում ենք, որ հաստատված խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար, և թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում անհրաժեշտ է խնամքով վերաբերվել խաղաղությանը: Այն, ինչ մենք տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից, իհարկե, առավել ևս այս տեսակետից անընդունելի է և անհասկանալի, և նաև մյուս կողմից, սակայն ես ուզում եմ արձանագրել, որ մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ, և ընդ որում՝ սա նոր չէ, որ մենք ասում ենք։ Ես դրա մասին ասել եմ 2025 թվականի օգոստոսի 8-ին։
Ինչ վերաբերում է խաղաղության խնամքին, այո՛, մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ, որովհետև եթե դա մեզ համար արժեք է, այսօր աշխարհում էլ, տարածաշրջանում էլ շատերը կան, որոնց համար դա արժեք չէ։ Ընդհակառակը, ես մի ամիս առաջ այս ամբիոնից ասել եմ՝ խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է։ Այս հարցուպատասխանի ընթացքում մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»,- ասաց վարչապետը։
Դիտումների քանակ33