Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համար, որը Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան եվրոպական շուկայի հետ ուղղակիորեն կապող երթուղի է։
Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Եվրախորհրդարանում իր «Միության վիճակի մասին» ելույթի ժամանակ։
«Սա կլինի միջազգային կապի նոր նախագիծ։ Այն Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան ուղղակիորեն կկապի եվրոպական շուկայի հետ։ Մենք այն անվանում ենք Միջին միջանցք», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նշել է, որ ԵՄ-ն կօգտագործի «Գլոբալ դարպաս» նախաձեռնությունը՝ նախագծին պետական և մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։
«Մեր նպատակն է դիվերսիֆիկացնել երթուղիները, եռապատկել առևտրային հոսքերը և զգալիորեն կրճատել բեռների տարանցման ժամանակը մինչև 2030 թվականը», – ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։