ՊՎԾ․ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից մոտ 60% ցածր գնով (PAN.am)

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողությամբ ուսումնասիրվել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրականացրած գույքի հարկադիր իրացման գործընթացի օրինականությունը, որի արդյունքում պարզվել է, որ 2025 թվականին 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ 2» ՓԲ ընկերության գույքն իրացվել է գնահատված արժեքից մոտ 60 տոկոս ցածր գնով:

420.8 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով գույքի իրացման ընթացքում, սնանկության հիմքերի առկայության պայմաններում, կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը և ընկերությանը 90-օրյա ժամկետում սնանկության դատարան դիմելու առաջարկն ուղարկվել են սխալ հասցեով։ Արդյունքում ընկերությունը զրկվել է օրենքով նախատեսված գործողությունները պատշաճ ժամկետում իրականացնելու հնարավորությունից։

Բացի այդ, հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման մեջ ներառվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ գույքի գրավադրված լինելու և 6.07 մլրդ դրամի պարտավորությունների նոր սեփականատիրոջը փոխանցվելու վերաբերյալ։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սակարկությունների կարգի խախտման արդյունքում գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվությունը սահմանափակել է այլ անձանց մասնակցության իրական հնարավորությունը, և գույքն աճուրդում իրացվել է մոտ 250․0 մլն դրամով ցածր՝ 167.8 մլն դրամ գնով։

Փաստվող դեպքի առթիվ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն․ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment