Ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը փորձել է գտնել օտար տեր, այդ օտար տերերը հայ ժողովրդին մատաղ են արել. Հայկ Կոնջորյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պետականության գոյության պայմաններում, երբ մենք ՀՀ ինքնիշխանության տիրոջ իրավունքը սկսում ենք փնտրել ուրիշի ձեռքում, դա առաջացնում է հարցեր, որոնք պետք է պատասխաններ ստանան»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանն անդրադարձավ Սամվել Կարապետյան-Մհեր Սեդրակյան-Ալեքսանդր Լուկաշենկո գաղափարական եռանկյունուն. «2015 թվականին, երբ Մհեր Սեդրակյանը ՀՀԿ պատգամավոր էր, լրագրողները նրան հարց են տալիս ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին, Սեդրակյանն ասում է՝ «առանց Ռուսաստանի՝ մենք կորած ենք, ավելի լավ չէ ապրենք ՌԴ-ի լծի տակ, քան՝ Թուրքիայի, Պարսկաստանի», հետո չեմ կարողանում չհիշել Լուկաշենկոյի հայտնի ձևակերպումը՝ «ուր են կորելու հայերը, ում են նրանք պետք», հետո գալիս է Սամվել Կարապետյանը, ով ասում է՝ «եթե ռազմաբազան դուրս գա, մենք կմնանք անտեր»: Սրանից ավելի փայլուն ապացույց, որ Սամվել Կարապետյան-Մհեր Սեդրակյան-Ալեքսանդր Լուկաշենկո գաղափարական եռանկյունին գործում է նույն տրամաբանության մեջ՝ գոյություն չունի»:
Կոնջորյանը նաև նշեց. «2021 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ-ի վրա, որտե՞ղ էր այդ տերը, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց ՀՀ ինքնիշխան տարածքների վրա, որտե՞ղ էր այդ տերը: Եթե Կարապետյանի ասածը ճիշտ է, երբ ՀՀ ինքնիշխան տարածքը ենթարկվում էր հարձակման՝ այդ տերն ո՞ւր էր: Իմ տերը ՀՀ-ն է, Սամվել Կարապետյանն ունի Ռուսաստանի անձնագիր, նույնկերպ կարող է նա մտածել, որ ՌԴ-ն իր տերն է, ոնց կարելի է դա բերել և պրոյեկտել Հայաստանի վրա: Ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը փորձել է գտնել օտար տեր, այդ օտար տերերը հայ ժողովրդին մատաղ են արել և հայ ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ իրար մեջ բաժանել են: Դուք Հայաստանի համար նախատեսում եք Գիքորի ճակատագիրը»: