Ineco Group-ը մուտք է գործում ԵՄ բանկային շուկա՝ ձեռք բերելով սլովենական LON բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը

Ineco Group-ը՝ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Inecobank-ի մայր ընկերությունը, թևակոխում է իր միջազգային զարգացման կարևորագույն փուլերից մեկը՝ ստորագրելով Սլովենիայի Hranilnica LON բանկի բաժնետոմսերի մեծամասնության ձեռքբերման պայմանագիր


ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ineco Group-ը՝ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Inecobank-ի մայր ընկերությունը, թևակոխում է իր միջազգային զարգացման կարևորագույն փուլերից մեկը՝ ստորագրելով Սլովենիայի Hranilnica LON բանկի բաժնետոմսերի մեծամասնության ձեռքբերման պայմանագիր (SPA), հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը։ 


Այս գործարքով Ineco Group-ը մուտք է գործում Սլովենիայի և Եվրոպական միության բանկային շուկա՝ իր միջազգային ընդլայնումը տեղափոխելով նոր մակարդակ։ 


Hranilnica LON-ը շուրջ երեք տասնամյակ շուկայում գործող կայացած սլովենական բանկ է՝ ամուր հեղինակությամբ և բանկային գործունեություն իրականացնելու ամբողջական արտոնագրով։  




Գործարքի ավարտը նախատեսվում է Սլովենիայի բանկի (Bank of Slovenia), Եվրոպական կենտրոնական բանկի (European Central Bank), ինչպես նաև համապատասխան պետական և կարգավորող այլ մարմինների անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո։ 




«Այսօր Ineco Group-ը թևակոխում է իր միջազգային զարգացման կարևորագույն փուլերից մեկը։ Իր նշանակությամբ սա, թերևս, մեր անցած ճանապարհի ամենանշանակալի իրադարձությունն է և միաժամանակ պատմական պահ նաև Հայաստանի համար։ Մենք մուտք ենք գործում շուրջ 550 միլիոն բնակչություն ունեցող շուկա՝ զարգացման և աճի բոլորովին նոր հնարավորություններով», – նշել է Ineco Group-ի գործադիր տնօրեն Դավիթ Բալոյանը։  


LON բանկի բաժնետոմսերի մեծամասնության ձեռքբերումը Ineco Group-ի՝ երեք տարի առաջ մեկնարկած միջազգային շուկայում ընդլայնման ռազմավարության շարունակությունն է։ Այսօր խումբն արդեն գործունեություն է ծավալում ավելի քան 10 շուկաներում։ 


«Այս գործարքը երեք տարի առաջ մեկնարկած մեր միջազգային ընդլայնման ռազմավարության շարունակությունն է։ Այսօր Ineco Group-ն արդեն գործունեություն է ծավալում ավելի քան 10 շուկաներում՝ Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպական միություն։ Մեր հավակնությունն է շարունակել աճի այս ուղին և ժամանակի ընթացքում մեր ծառայություններն ու պրոդուկտները հասանելի դարձնել միլիոնավոր հաճախորդների», – հավելել է Դավիթ Բալոյանը։ 


Գործարքի վերաբերյալ ավելի վաղ պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Hranilnica LON-ը։ Բանկի գործադիր տնօրեն դոկտոր Իմրե Բալոգը (Dr. Imre Balogh) ընդգծել է գործարքի կարևորությունը LON-ի հետագա զարգացման համար՝ նշելով, որ այն կնպաստի բանկի ամրապնդմանը և աճի նոր հնարավորություններ կստեղծի ինչպես Սլովենիայում, այնպես էլ Եվրոպական միության շուկաներում։ 




Ineco Group-ի մասին 


Ineco Group ՓԲԸ-ն Հայաստանում գործող ֆինանսական ծառայությունների խումբ է։ Խմբի կազմում են Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Inecobank-ը, ներդրումային ծառայություններ մատուցող Dimension Investments-ը, ինչպես նաև տարածաշրջանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկը՝ Highway-ը։ 

Hranilnica LON d.d.-ի մասին

1992 թվականին հիմնադրված Hranilnica LON d.d.-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կրան քաղաքում, Սլովենիայի 11-րդ խոշոր առևտրային բանկն է՝ շուրջ 350 միլիոն եվրո ընդհանուր ակտիվներով։ Բանկը սպասարկում է շուրջ 20,000 հաճախորդի մասնաճյուղերի՝ ամբողջ երկիրն ընդգրկող ցանցի և ժամանակակից թվային հարթակների միջոցով՝ մատուցելով բանկային ծառայություններ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին և կորպորատիվ հաճախորդներին։ LON-ի գործունեության հիմքում ֆինանսական կայունության ապահովումը, վարկային ռիսկերի արդյունավետ կառավարումն ու կապիտալի ամուր դիրքի պահպանումն են։

Leave a comment