«Ցավում ու ափսոսում եմ Առուշ Առուշանյանի՝ այդ քայլի հետ կապված։ Մեկ տարի առաջ, որ ինձ ասում էին՝ հնարավոր է Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ, ասում էի՝ հնարավոր չէ։ Այն, ինչ արվել է, անընդունելի է և′ քաղաքական, և′ մնացած մակարդակով։ Առնվազն ինձ համար ցավ է ու անսպասելի»,- հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ է Առուշ Առուշանյանը գնացել ՔՊ-ի հետ համագործակցության, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, պատգամավորը պատասխանեց․ «ՀՅԴ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է մի շարք համայնքներում։ «Հայաստան» դաշինքի մյուս ուժը՝ «Առաջ» կուսակցությունը ևս մի քանի համայնքներում մասնակցելու է ընտրություններին։ ՀՀ-ում համատարած բռնաճնշումներ են տեղի ունենում․ ուժային կառույցներ, ԱԱԾ, քննչական, ոստիկանություն, նույնիսկ հարկային մարմիններ, մարզպետարաններ հանցավոր խումբ ստեղծած հետապնդում են բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, որոնք պատրաստվում են մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Սա բռնաճնշումների մի նոր, խայտառակ մակարդակ է։ Դաշնակցականների վրա սովորաբար ուղիղ ճնշումները չեն ազդում, քանի որ մերոնց վախը վաղուց է բռնված, բայց համակիրների նկատմամբ խայտառակ ճնշումներ են տեղի ունենում։ Տեսնում ենք, որ այս բռնաճնշումները առաջադրումների գործընթացի վրա ազդեցություն ունենում են։ Սա չի կարող ազդեցություն չունենալ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա։ Համայնքի ղեկավարներ կային, որոնց մասին նախորդ շրջանում ՔՊ-ն ասում էր թալանչի և այլն, այդ թեկնածուների դեմ թեկնածուներ էին առաջադրել, բայց այսօր մի շարք նման համայնքի ղեկավարներ դարձել են ՔՊ-ի սրտի համայնքի ղեկավարները, որոնց հետ կամ պատրաստվում են դաշինք կնքել, կամ ներառել իրենց դաշինքների ցուցակներում` առաջին հորիզոնականներում»։
Այն, որ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի սահմանադրությանը, այս առիթով Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Ուղիղ ասել ենք, որ իրականում դա միջանցք է ՀՀ տարածքով։ Որքան էլ փորձեն դա փաթեթավորել, ներկայացնել այլ կերպ, դա իրականում միջանցք է։ Երեկ տեսաք նաև Բայրամովի հայտարարությունը։ Այն, որ հարձակվում են մեզ վրա, հոխորտանք է տեղի ունենում, ինչո՞ւ որևէ մեկը չի արձագանքում Բայրամովի հայտարարությանը, որ ասում է՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու է Ադրբեջանը։ Հարցը կգա խորհրդարան, ավելի մանրամասն ասելիք ունենք»։
Ռուսական ռազմաբազայի՝ ՀՀ տարածքից դուրս բերման քննարկումների առիթով էլ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ռազմաբազան հանելը ՀՀ-ի համար նոր արկածախնդրություն է։ Այդ ռազմաբազան ՀՀ-ում ունի առաքելություն․ ՀՀ-ն թողնել անպաշտպան Թուրքիայի ու Ադրբեջանի երախում այս աշխարհաքաղաքական իրավիճակում, արկածախնդրություն է ՀՀ-ի համար։ Դա նոր անվտանգային սպառնալիքներ է բերելու ՀՀ-ի համար։ Չպետք է գնալ այդ արկածախնդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին»։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: