Գերմանիայի կառավարությունը հիվանդանոցները նախապատրաստում է պատերազմին, անօդաչու թռչող սարքերի հարձակումներին և զանգվածային վիրավորումներով ուղեկցվող իրավիճակներին, գրել է Bloomberg-ը։
Գործակալությունը որպես օրինակ նշել է Ուլմ քաղաքի հիվանդանոցը։ Դրա տակ տեղակայված է 1979 թվականին կառուցված ստորգետնյա բժշկական հաստատություն։ Այն նախագծվել է այնպես, որ բժիշկները կարողանան շարունակել վիրավոր զինվորների բուժումը նույնիսկ միջուկային հարվածի դեպքում, և կարող է 90 օրվա ընթացքում ապաստան տալ մինչև 2000 մարդու։ Թեև տարիներ շարունակ այս հաստատությունը գործնականում չի օգտագործվել, գերմանական զինվորականները ներկայումս դիտարկում են դրա «վերագործարկման» հարցը։
Bloomberg-ն ընդգծել է, որ իշխանություններն ուսումնասիրում են Գերմանիայի առողջապահական համակարգն ու ենթակառուցվածքները՝ պարզելու, թե ինչպես դրանք կարող են գործել պաշտպանական գործողությունների պայմաններում (և արդյոք ընդհանրապես ի վիճակի կլինեն գործել)։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա մինչև 2029 թվականը։ Հետևաբար, Գերմանիան ստիպված կլինի պաշտպանել դաշինքը և, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, հանդես գալ որպես զորքերի տեղափոխման տարանցիկ հանգույց։
Ըստ Բունդեսվերի՝ հակամարտության դեպքում գերմանական հիվանդանոցներ կարող են օրական ընդունել մինչև 1000 վիրավոր զինվորի։ Երկրի հինգ ռազմական հիվանդանոցները շատ արագ կհասնեն իրենց հզորության սահմանին, և նույն վտանգին կբախվեն նաև քաղաքացիական հիվանդանոցները։
Այս իրավիճակում որոշում է կայացվել կրկին շահագործման հանձնել Ուլմի հաստատության նման օբյեկտները։ Սակայն դրա համար միլիոնավոր եվրոներ կպահանջվեն՝ օդափոխության և էլեկտրամատակարարման համակարգերը արդիականացնելու նպատակով։