Քաղաքականություն
16.09.2026 | 13:49
CBS News-ի ձեռք բերած բացառիկ լուսանկարներն առաջին անգամ բացահայտել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մի շարք օբյեկտներում շենքերի և տրանսպորտային միջոցների լայնածավալ ավերածություններն ու վնասները, որոնք առաջացել են իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Լուսանկարները CBS News-ին են տրամադրել ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝ անանուն մնալու պայմանով, քանի որ զինված ուժերում գործում են ԶԼՄ-ների աշխատանքի խիստ սահմանափակումներ։
«Սա մեր ռազմաբազաներին հասցված լուրջ վնաս է, որի մասին ամերիկյան հանրությանը չեն տեղեկացրել։ Մենք այնտեղ կանգնած ենք՝ աչքներս փակ, և հարվածներ ենք ստանում դեմքին»,- CBS News-ին ասել է տարածաշրջանում ծառայություն իրականացնող զինծառայողներից մեկը։
Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ռազմաօդային բազայում արված լուսանկարներից մեկում երևում է Boeing E-3 Sentry չորս շարժիչով ինքնաթիռի հետևի հատվածին հասցված ուղիղ հարվածը։ Ինքնաթիռի պոչային հատվածը պոկված է ածխացած ֆյուզելաժից, որի վրա տեղադրված էր նաև պտտվող ռադար՝ օդային հետախուզության համար անհրաժեշտ տեղեկատվություն հավաքելու նպատակով։
Բազայից արված այլ լուսանկարներում պատկերված են նաև ներսից ամբողջությամբ ավերված շենքեր և զորանոցներ:
Նմանապես ծանր վիճակ պատկերող լուսանկարներ են արվել նաև Քուվեյթում գտնվող Բյուրինգ ճամբարում, որն ԱՄՆ ցամաքային զորքերի, զրահատեխնիկայի և որոշ ինքնաթիռների տեղակայման կարևոր հենակետ է։ Այն գտնվում է Քուվեյթի մայրաքաղաքից հեռու՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող անապատային մեկուսի տարածքում։
ԱՄՆ Պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչն այս շաբաթ հրապարակել է Իրանի պատերազմի վերաբերյալ նոր զեկույց, որը բացահայտել է մինչև 3,7 միլիարդ դոլար արժողությամբ «սարքավորումների կորուստներ», այդ թվում՝ գրեթե 60 ինքնաթիռի կորուստ։ Կոնգրեսին ներկայացված՝ իր տեսակի մեջ առաջին պարտադիր զեկույցում գլխավոր տեսուչը նաև նշել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել է Քուվեյթում, Բահրեյնում, Կատարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Օմանում և Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանների ուղղությամբ իրանական հարվածների մասին։
Պենտագոնը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի