ԱՄՆ-ն կհանի պատժամիջոցները բելառուսական «Լակոկրասկա» ընկերության և «Բելլեսբումպրոմ» կոնցեռնի վրայից։ Այս մասին Մինսկում բանակցություններից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփի՝ Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։
Քոուլի խոսքերով՝ Բելառուսը կազատ արձակի 25 բանտարկյալի՝ «որպես բարի կամքի դրսևորում»։ Նա կոնկրետ չի նշել, թե ովքեր են ազատ արձակվելու։
Ըստ ամերիկյան կողմի՝ Մինսկն ու Վաշինգտոնը քննարկել են «միջազգային խնդիրներ, երկկողմ օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր» և պայմանավորվել են որոշակի «միջանկյալ համաձայնագրի» շուրջ։ Կողմերը «կշարունակեն աշխատել չլուծված խնդիրների կարգավորման ուղղությամբ»։
«Երբ բոլոր հարցերը լուծվեն և համաձայնեցվեն երկու կողմերի կողմից, տեղի կունենա անձանց հետագա ազատ արձակում և բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացում», – ասել է դեսպանորդը։
Ջոն Քոուլը Մինսկ էր ժամանել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններ վարելու նպատակով սեպտեմբերի 15-ին։ Մինչ այդ նա մեկնել էր Վիլնյուս, որտեղ հանդիպել էր Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ։ Նրանք քննարկել էին Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակմանն ուղղված ջանքերը և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Օգոստոսի վերջին Քոուլը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն արդեն իսկ հասել է Բելառուսում 500 բանտարկյալի ազատ արձակմանը, իսկ ևս 200 մարդ ազատ է արձակվել Լուկաշենկոյի՝ ներման մասին հրամանագրերի միջոցով։