Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը կմասնակցի Թրամփի և Սի Ծինփինի պատվին կազմակերպվող ընթրիքին

Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը կմասնակցի հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք պետական ընթրիքին, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կազմակերպում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատվին: Այս մասին հայտնում է CNBC-ն։

Ակնկալվում է, որ արհեստական բանականության զարգացումը երկու երկրների ղեկավարների հանդիպման քննարկման գլխավոր թեմաներից մեկը կլինի։ Տեխնոլոգիական կորպորացիայի ղեկավարի ներկայությունը միջոցառմանն ընդգծում է նրա սերտ կապերը ԱՄՆ վարչակազմի հետ։ Ավելի վաղ Ջենսեն Հուանգն աջակցել էր ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը՝ հակադրվելով ոլորտի այլ ներկայացուցիչներին, որոնք նախազգուշացնում էին արհեստական բանականության չափազանց արագ զարգացման հետևանքով առաջացող լուրջ ռիսկերի մասին։

Այս տարվա սկզբին Nvidia-ի ղեկավարն արդեն ընդգրկված էր գործարարների հատուկ խմբում, որն ուղեկցել էր Դոնալդ Թրամփին Չինաստան կատարած այցի ընթացքում։ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ առաջիկա ընթրիքին հրավիրվել են մի շարք խոշոր ամերիկացի գործարարներ, քանի որ վարչակազմը «միշտ առաջնահերթություն է տալու երկրի համար շահավետ գործարքների կնքմանը»։

Սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Nvidia-ն պայմանավորվել է 12.9 մլրդ դոլարով ձեռք բերել բաց կոդով արհեստական բանականության հարթակ Hugging Face-ը։ Գործարքը չիպեր արտադրող ընկերությանը թույլ կտա դուրս գալ ապարատային ապահովման շրջանակներից և ամրապնդել իր դիրքերը նեյրոցանցերի ոլորտում։ Ջենսեն Հուանգն ընդգծել է, որ ընկերությունը նախատեսում է ընդլայնել հարթակի մասշտաբը և ամբողջ աշխարհում ծրագրավորողների համար մեծացնել տեխնոլոգիաների հասանելիությունը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, հաղորդվել էր, որ ամերիկյան միկրոչիպեր արտադրողը նախատեսում է բարձրացնել արհեստական բանականության չիպերով սերվերների, այդ թվում՝ Vera Rubin և Grace Blackwell մոդելների գները։ Շատ դեպքերում հաջորդ տարի մատակարարվելիք համակարգերի գների աճը կգերազանցի 15%-ը։ Գնային քաղաքականությունը վերանայելու որոշումը կայացվել է հիշողության միկրոչիպերի արտադրության ծախսերի կտրուկ աճի ֆոնին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment